Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնում է․
«Սիրելի հայրենակիցներ,
Արդեն 24 ժամից ավելի է, ինչ Արցախի 120.000 մեր հայրենակիցները շրջափակման մեջ են:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկվանից ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակները լծված են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները միջազգային հանրությանը ներկայացնելու գործին:
Իրավիճակի առնչությամբ այսօր Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ և հանդես եկել համայն հայությանն ուղղված կոչով, որտեղ հոդորում է օգտագործել բոլոր հնարավորությունները տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնել արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների:
Ուստի, առաջիկայում հրատապ են հետևյալ գործողությունները.
1. Բողոքի ակցիաներ՝ տարբեր երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև:
2. Բողոքի ակցիաներ՝ Հայաստանում միջազգային ներկայացուցչությունների մոտ։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց։ Այնուհետև նամակներ կփոխանցենք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատներ։
3. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող հայտարարության ընդունում։
Այս երեք ուղղություններով մենք աշխատանքներ ենք իրականացնում, որոնց մասին հանդես կգանք լրացուցիչ տեղեկություններով»: