Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակված է ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ․ «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանի իբր «քաղաքացիական» ու «բնապահպանական» շարժում ներկայացնող անձանց կողմից այսօր՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10.30-ից կրկին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն ադրբեջանական իշխանությունների անմիջական կազմակերպմամբ է։ Այս եզրահանգմանն է եկել «Թաթոյան» հիմնադրամը՝ մասնագիտական ուսումնասիրությունների հիման վրա։ Հիմնադրամի հայտարարությունը՝ ստորեւ։

Ակնհայտ է, որ ճանապարհը փակելը և Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է։

Սա ադրբեջանական իշխանությունների հատուկ նպատակն է. Արցախը կտրել Հայաստանից, այլ նաև ահաբեկել և մեկուսացնել խաղաղ բնակչությանը։ Նրանք դա անում են՝ Արցախում ստեղծելով հումանիտար աղետ, խաթարելով 120,000-ից ավելի խաղաղ բնակչի բնականոն կյանքը՝ առաջացնելով մարդու կենսական իրավունքների հիմնարար խախտումներ։

Արդեն 9 ժամ է, ինչ խաղաղ բնակիչները հայտնվել են մեկուսացման մեջ, ձմռան ցուտ եղանակին առաջացել են հսկայական խցանումներ, մարդիկ չեն կարողանում օգտվել կենսական իրավունքներից՝ սկսած բժշկական օգնությունից։ Այս մասին են վկայում թե՛ մոնիթորինգը, թե՛ քաղաքացիների ահազանգերը։ Իրավունքի և արդարության կենտրոնի ուսումնասիրությունները հաստատում են, որ այս ամենն ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում հայատյաց քարոզչությամբ, թշնամանքի հրահրումով, ահաբեկումներով։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթը լցված է «բնապահպանական» խնդրի լուծման կոչերով, որ անհրաժեշտ է ներգրավել «ՅԱՇՄԱ» («YAŞMA») ադրբեջանական հատուկ ջոկատը, «պետք է հայերի գլուխները ճզմել» կամ «սպանել», ստիպել «արյուն կուլ տալ», ճանապարհը փակած անօրինական ակցիայի մասնակիցները ցուցադրում են ծայրահեղական-ազգայնական գորշ գայլերի նշանը և այլն։

Սրանք սոցիալական ցանցերի այն նույն էջերն են, որ ատելություն ու թշնամանք են հրահրում ադրբեջանական ցանկացած զինված հարձակման կամ սադրանքի ժամանակ և ակնհայտորեն կապված է ադրբեջանական իշխանությունների հետ։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն Արցախը հայաթափելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է։ Ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն համապատասխան միջազգային կառույցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել