Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը․
«Ադրբեջանն այսօր կրկին անգամ դիմել է սադրիչ գործողությունների՝ Շուշիի հատվածում փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։
Սա Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է, ապակառուցողական և հանցավոր գործողություն՝ ուղղված Արցախի ժողովրդի ահաբեկմանը, տարածաշրջանում անկայունության մթնոլորտի ձևավորմանը և ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության խոչընդոտմանը։
Ինչպես միշտ, Ադրբեջանը բացարձակ անհարգալից և անհետևողական վերաբերմունք է ցուցաբերում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ, մասնավորապես՝ չի երաշխավորում Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի նման պահվածքը և կոչ անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին վերջ դնելու և արցախահայության հիմնարար իրավունքների իրացման համար պայմաններ ապահովելու ուղղությամբ»։
Ինչպես արդեն հայտնել ենք, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան, ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմը վրաններ, վառարաններ է տեղադրել նշված հատվածում։
17։00-ի տվյալներով ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ։