Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությանը ավարտվեց նախկինում դատապարտված Սուրեն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, ամբաստանյալի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը: Նախաքննության ընթացքում Սուրեն Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Տուժող Անի Մանուկյանը ոստիկանությանը հայտնել է, որ ամբաստանյալը, իմանալով, որ ինքը զբաղվում է մարմնավաճառությամբ, 2012թ. հոկտեմբերից սկսած պարբերաբար հանդիպել է շենքի մուտքում կամ այցելել իր բնակարան և սպառնացել, որ մարմնական վնասվածք կպատճառի իրեն և երկու անչափահաս երեխաներին, խնդիրներ կառաջացնի իր համար, եթե կանխիկ գումար չտա:
Քանի որ ամբաստնյալը նախկինում դատապարտվել է դանակահարության և ավազակային հարձակման համար, Անին վախեցել է նրա սպառնալիքներից և պարբերաբար տվել է 3000-ից 5000 ՀՀ դրամ, ինչպես նաև լիցքավորման քարտեր, որոնք փոխանցել է անձամբ, կամ դստեր` Արմինեի միջոցով:
Սակայն երկու անգամ հրաժարվել է գումար տալուց, ինչի արդյունքում Սուրենը ներխուժել է իր բնաարան, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև այդ պահին իր տանը գտնվող ընկերուհուն:
Ամբաստանյալի ցուցմունքի համաձայն՝ ինքը տուժողին ճանաչել է դեռևս մանկուց և վերջինիս հետ ունեցել են լավ հարաբերություններ: Սուրեն Խաչատրյանը նշել է նաև, որ Անիի խնդրանքի համաձայն՝ իր լուսանկաչական ապարատը վաճառել է նրան 30 հազար դրամով: Միաժամանակ ձեռ են բերել փոխադարձ պայմանավորվածություն, որ գումարը կվճարվի մաս-մաս:
Գործով մեղադրյալ Սուրեն Խաչատրյանը Անիին արգելել է շփվել մարմնավաճառությամբ զբաղվող իր երկու ընկերուհիների հետ: Մի քանի օր անց ամբաստանյալին են զանգահարում Սևանի գաղութից և պահանջում, որ ինքը հանգիստ թողնի Անիին և թույլ տա մարմնավաճառությամբ զբաղվել: Դա շատ է զայրացրել մեղադրյալին: Գնացել տուժողի տուն և սկսել վիճել նրա հետ: Հենց այնտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանություն:
Գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կհաստատեր, որ տուժողը ամբաստանյալին գումարներ է տվել վերջինիս կողմից բռնության գործադրման սպառնալիքով՝ վախի ազդեցությամբ: Ավելին, գործով հարցաքննված վկաներից ոչ ոք, այդ թվում նաև տուժողի աղջիկները, չեն հաստատել այնպիսի հանգամանք, որ ամբաստանյալը տուժողին բռնության գործադրման սպառնալիքներ է տվել:
Հաշվի առնելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, Սուրեն Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` արդարացնել` արարքում հանցակազմի բացակայության պատճառով:
Սակայն մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտել տուգանքով՝ ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով` 100 հազար ՀՀ դրամ:
Ինչպես նաև դատարանը վճռեց, որ ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնել և նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստի դահլիճից:
Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Հ.Գ. 182-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններհրապարակելու, ինչպես նաև անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանցտնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամգույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկիչափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
118-րդ հոդվածը սահմանում է, որ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույնաշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: