Ժամկետային զինծառայողի սպանության դեպքը բացահայտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Պարզվել են 2021թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ի սպանության դեպքի հանգամանքները:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ նշված օրը` ժամը 09:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, դիտակետի ներսում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, զրույցի ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ն հայհոյանքներ է հնչեցրել համածառայող Է.Բ.-ի հասցեին։ Դրանից հետո, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինս իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի ապահովիչը դնելով մենահատ դիրքի վրա, լիցքավորել է այն և մեկ կրակոց արձակել Մ.Թ.-ի ուղղությամբ: Արդյունքում, վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Է.Բ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին):

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, որը քրեական վարույթի նյութերի հետ ուղարկվել է դատարան՝ գործն ըստ էության քննելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել