Քաղաքաշինական գործունեության ըստ անհրաժեշտության ստուգումներն անցկացվում են քաղաքաշինական տեսչության և մարզպետների կողմից:
Քաղաքաշինական տեսչությունը կարող է ըստ անհրաժեշտության ստուգումներ անցկացնել`
ա) մարզպետարաններում` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս.
բ) տեղական ինքնակառավարման մարմիններում` համապատասխան մարզպետարաններում տեսչական ստուգման ընթացքում անհրաժեշտություն առաջանալիս (փաստաթղթերի համադրում, ընդունված որոշումների կատարման վերահսկողություն և այլն).
գ) կառուցվող ու շահագործվող շենքերում ու շինություններում` վթարային և մարդկանց ու շրջակա միջավայրի անվտանգությանն սպառնացող իրավիճակներում, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների, հասարակական կազմակերպությունների, հեղինակային ու տեխնիկական հսկողություն իրականացնողների, քաղաքաշինական գործունեության լիցենզավորման իրավասու մարմնի, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումների (դիմումների հիման վրա):
Մարզպետները կարող են ըստ անհրաժեշտության ստուգումներ անցկացնել տեղական ինքնակառավարման մարմիններում` համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս, ինչպես նաև` քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա:
Ըստ անհրաժեշտության ստուգումները չեն կարող դուրս գալ ստուգման պատճառ հանդիսացող խնդրին առնչվող հարցերի շրջանակներից:
Ըստ անհրաժեշտության ստուգումները կարող են տևել ոչ ավելի, քան մեկ օր:
Վթարային և մարդկանց ու շրջակա միջավայրի անվտանգությանն սպառնացող իրավիճակներում ստուգումները կարող են շարունակվել մինչև վթարի կամ վտանգի վերացումը:
Ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքում կազմվում է արձանագրություն, որում նշվում են ստուգման հիմքերն ու ժամանակը, ստուգվող օբյեկտը (սուբյեկտը), ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք), բացահայտված խախտումների պատճառներն ու դրանց համար պատասխանատու անձինք:
Արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որոնցից երկրորդ օրինակը տրվում է ստուգվող սուբյեկտին (ստուգվող օբյեկտի պատասխանատու անձին), իսկ երրորդը` համապատասխան մարզպետին: