Ինչպես գիտենք, ամուսնությունը կարող է լուծվել երկու եղանակով` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում կամ դատական կարգով:
Օրենքով հստակ ամրագրված են այն դեպքերն ու հիմքերը, երբ ամուսնությունը պետք է պարտադիր լուծվի դատական կարգով:
Այսպես.
Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝
ա) բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը.
բ) ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց.
գ) ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:
Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանը իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար և իրավունք ունի գործի քննությունը հետաձգելու՝ հաշտվելու համար ամուսիններին տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ:
Այս դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե ամուսինները (նրանցից մեկը) պնդում են ամուսնալուծվելու համար:
Ամուսնալուծության համար ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ՝ մեկամսյա ժամկետում: