Ադրբեջանը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով, փորձում է առաջ տանել իր հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, ինչը հարված է նաև ռուս խաղաղապահ առաքելությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբյանը՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին:
Նա նկատեց, որ ադրբեջանցիների նմանատիպ սադրանքներից զարմանալ պետք չէ: «Նրանցից ամեն ինչ սպասելի է: Փորձում են ահաբեկել, փորձում են համառորեն առաջ տանել իրենց հայատյաց քաղաքականությունը, կաթվածահար անել Արցախը, խախտում են միջազգային նորմերը, սա հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, հարված է ամեն ինչին»,-շեշտեց արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ այս ամենից միջազգային հանրությունը շատ հստակ հետևություններ պետք է անի: «Միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին, այլ տարբերակ չկա: Դատապարտելն անպայման պետք է, բայց քայլեր պետք է ձեռնարկեն, միայն խոսքերով սահմանափակվելը ճիշտ չէ»,-ասաց Բաբայանը՝ հավելելով, որ հիմա իսկապես դրա ժամանակը չէ: