Բաքուն կրկին կոչ է արել ռուս խաղաղապահներին՝ չօգտագործել «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտությունը

«Եվս մեկ անգամ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պաշտոնական տեղեկատվության մեջ Ադրբեջանի տարածքների անվանումները դեռևս շինծու հայկական տեղանուններով են նշվում», – ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Պաշտպանության նախարարությունը կրկին պնդում է, որ «անթույլատրելի է բնակավայրերի անվանումների ոչ ճիշտ նշումը», ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտությունը.

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի 2022 թվականի դեկտեմբերի 2-ի պաշտոնական տեղեկագրի մեջ, որը հրապարակվել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում, «Լեռնային Ղարաբաղի տարածք» նշանակված տարածքը հանդիսանում է Ղարաբաղի տնտեսական շրջանը, իսկ ադրբեջանական բնակավայրերի պաշտոնական անվանումները նշվում են որպես «Մարտակերտ» և «Մարտունի»։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ դրանք համապատասխանաբար Ագդերեն ու Խոջավենդն են։

Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը համապատասխան տեղեկատվության մեջ ճիշտ նշել մեր երկրի տարածքում գտնվող բնակավայրերի անվանումները»,-նշել են ադրբեջանցիները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել