«Հուսիկ Սեդրակյան և ընկերներ» ՍՊ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ հայցելով ճանաչել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Սևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի պետի կողմից ընկերությանն ուղղված ծանուցմամբ սահմանված գումարը ընկերության կողմից չվճարելու իրավունքը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Նշվում է, որ ընկերությունը ՃՈ Սևանի անշարժ հենակետի հարևանությամբ ունի անշարժ գազալցակայան, որը սնվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Սևանի գազաֆիկացման ու գազամատակարարման մասնաճյուղի կողմից համապատասխան պայմանագրի հիմքով մատակարարվող գազի միջոցով: Ընկերության կողմից օգտագործվող գազի ծավալը հաշվառվում է պատասխանողի սեփականությունը հանդիսացող և նրա իրավասության ու տիրապետություն տակ գտնվող գազահաշվիչ սարքի միջոցով:
Պատասխանողի կողմից 2021թ. փետրվարի 16-ին կատարվել է տեղադրված գազահաշվիչի փոխարինում, փետրվարի 24-ին կատարվել է ապամոնտաժված հաշվիչի փորձագիտական հետազոտություն, որի հիմքով վերահաշվարկ է կատարվել, իսկ ապրիլի 22-ին փոստի ծառայության միջոցով հայցվոր ընկերությանը 1 միլիոն 264 հազար դրամ գումարի վճարման ծանուցում է ներկայացվել:
Ընկերությունը չի համաձայնել նշված ծանուցման, կատարված վերահաշվարկի և եզրակացության հետ և այն բողոքարկել է ԳԳՄ պետին:
Բողոքի քննարկման արդյունքում Պատասխանողը չի փոխել իր դիրքորոշումը:
Հայսվոր կողմի դիրքորոշման մեջ նշվել է նաև, որ «Գազպրոմ»-ի մասնաճյուղի աշխատակիցների գործողություններն անմիջականորեն խախտել են ընկերության իրավունքները, որովհետև սպառնացել են, որ գումարի չվճարման դեպքում միակողմանի կդադարարեցնեն գազմատակարարումը:
Ընկերությունում կատարվել է հաշվառքի սարքի արտահերթ փոխարինում, որի վերաբերյալ համապատասխան ակտ է կազմվել: Ակտի 6-րդ կետում նշված է, որ հաշվիչն արտաքինից թերություն չունի, որը նշանակում է, որ հաշվիչի վրա արտաքին միջամտության հետքեր կամ նշաններ չկան: Սարքի բացումից և կատարված վերլուծությունից պարզվել է, որ աղտոտված են ներքին մագնիսի առանցքը և գնդիկավոր առանցքակալները: Շարքից դուրս է եկել ներքին մագնիսը: Նշված մտքի բառացի մեկնաբանությունից հետևում է, որ թերություններն ի հայտ են եկել գազհաշվիչի ներքին մեխանիզմներում, բայց քանի որ հաշվիչին արտաքին միջամտություն չի իրականացվել, ապա բաժանորդը չէր կարող մուտք գործել դեպի ներքին մեխանիզմները և միջամտեր նրանց աշխատանքին:
«Գազպրոմ»-ի դիրքորոշման մեջ նշվում է, որ չափագիտական մարմնի կողմից տրված եզրակացությամբ փաստվել է, որ գազահաշվիչի սխալանքի շեղումը թույլատրելի տիրույթից կազմել է՝ Qmin = -11.28%, աղտոտված են ներքին մագնիսի առանցքը և գնդիկավոր առանցքակալը: Շարքից դուրս է եկել ներքին մագնիսը, ինչը չափագիտական մարմինը որակել է որպես առևտրային հաշվառքի սարքի խախտում:
«Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է բաժանորդի ծախսած գազի քանակի և արժեքի վերահաշվարկ։ Վերահաշվարկված գազի արժեքը որոշվում է վերահաշվարկված և առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ամսվա ընթացքում հաշվառված գազի քանակների հանրագումարին ու տվյալ բաժանորդի սպառողական խմբին համապատասխան, առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ամսվա գազի սակագնի արտադրյալով: Վերահաշվարկված գազի գումարը կազմել է 1.264.066 դրամ»,-նշել է ընկերությունը:
Հայցվորի պնդումն, իբրև մատակարարը չի դիտարկել մատակարարվող գազի հետ կամ հաշվիչի վտխադրման ու տեղադրման ժամանակ նշված դետալներն աղտոտելու հնարավորությունը, շահագործման պայմանների խախտումը և մեղավոր կողմ է ճանաչել բաժանորդին, «Գազպրոմ»-ի կարծիքով՝ անհիմն է եղել:
Պատասխանողը գտել է, որ 02.03.2021 թ.-ին կատարված վերահաշվարկը համապատասխանել է սահմանված պահանջներին, ուստի խնդրել է է մերժել հայցը:
Հուլիսի 1-ին դատարանը «Հուսիկ Սեդրակյան և Ընկերներ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, բավարարել է։
Որպես հացվորի իրավունքի խախտման համար վտանգ ստեղծող գործողության կանխում ճանաչվել է հայցվոր «Հուսիկ Սեդրակյան և Ընկերներ» ՍՊ ընկերության «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Սևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի պետի կողմից ընկերությանն ուղղված ծանուցմամբ սահմանված գումարը ընկերության կողմից չվճարելու իրավունքը: