Այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի հայկական տարբերակ չկա․ Գևորգ Դանիելյան

Երևանում այսօր՝ նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովը։

Այն կազմակերպել է «Համախմբում» նախաձեռնությունը՝ խիստ կարևորելով Հայաստանի մասնագիտական հանրույթի միասնական գնահատականներն ու եզրակացությունները «խաղաղության» համաձայնագրի վերաբերյալ և դրանց ակտիվ շրջանառումը հասարական լայն շերտերում։

Համաժողովի ժամանակ իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հայկական տարբերակ չկա։

«Երբ մենք խոսում ենք միջազգային փաստաթղթերի մասին, նախ պետք է հասկանալ՝ ովքեր են նախաձեռնում։ Որպես կանոն՝ շահառուն այն կողմն է, որը խնդիրներ ունի, այսինքն տուժող կողմ է և որոշակի քաղաքական–ռազմական գործունեության հետևանքով կրել է վնասներ։ Մինչդեռ այժմ քննարկվում են վաշինգտոնյան, ռուսաստանյան, արևմտյան տարբերակները։ Կա պաշտոնյա, որ ասում է՝ կան ադրբեջանական առաջարկներ, որոնք որոշ վերապահումներով ընդունելի են։ Հայկական տարբերակի մասին չեն խոսում, ստացվում է՝ Հայաստանը շահառո՞ւ չէ։ Իհարկե, շահառու է, այն էլ առաջին հերթին։ Շահեկան կլիներ, եթե ունենայինք հայկական տարբերակ։ Շահառուն մենք ենք, Հայաստանը երբեք ագրեսոր չի եղել»,- ասաց Դանիելյանը։

Նախկին նախարարի խոսքով, մինչդեռ միջազգային հանրություն այն տպավորությունն ունի, թե տուժած կողմն Ադրբեջանն է, որ ձգտում է խաղաղության, անում է ամեն ինչ, որ իր անվտանգության նկատմամբ սպառնալիքներ չլինեն, կետեր են ներկայացնում, որոնք չեն ընդունվում։ Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա Դանիելյանը նշեց, որ Հայաստանի Սահմանադրության 13–րդ կետն ամրագրում է՝ արտաքին քաղաքականությունը պետք է իրականացվի փոխշահավետության սկզբունքով. «Եթե անտեսում եք Արցախի ազգային ինքնորոշման իրավունքը, ի՞նչ փոխշահավետության մասին է խոսքը և դուք խոսում եք այն ճանապարհների մասին, որոնք միացնում են Ադրբեջանը Նախիջևանին. Նախիջևանը բլոկադայի մեջ չէ, Թուրքիայի հետ կապ ունի, բլոկադայի մեջ Արցախն է։

Երբ խոսում ենք փոխշահավետության մասին, կարո՞ղ է Հայաստանը ստանձնել մեկ այլ պետությունում ազգային պետականության ձգտող հատվածի ազգային ինքնորոշման իրավունքը։ Եթե ձեզնից ակնկալում են զիջումներ, դուք չէ, որ որոշում ենք ազգային ինքնորոշման իրավունքը, բայց դուք կարող եք հարց բարձրացնել, որ երաշխավորվի այդ իրավունքի իրացումը։ Հրաժարվել չեք կարող, որովհետև միևնույնն է՝ այդ իրավունքը վերապահված է արցախցիներին և հենց նրանք էլ կիրականացնեն ազգային ինքնորոշման իրավունքը՝ չնայելով, թե դուք ինչ եք պայմանավորվել։ Ինչպե՞ս եք արգելում, միջամտում մեկ այլ պետության տարածքում պետական կազմավորման ձգտող ժողովրդի իրավունքը։ Դուք դրա իրավունքը չունեք»։

Գևորգ Դանիելյանը կարևորեց նաև խաղաղապահ զորքերի մշտական տեղակայման հարցը՝ հավելելով, որ այն պետք է պարտադիր դարձնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել