26-ամյա քաղաքացին, երկու անչափահաս եղբայրներին ներգրավել է հանցագործության կատարման մեջ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է երեք տասնյակից ավել գողության, գողության փորձի, խարդախության  դեպքեր: Մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, երկու անչափահաս եղբայրներին ներգրավելով հանցագործության կատարման մեջ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ համաձայնության գալով, 2021 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, մուտք են գործել նույն մարզի վարչական տարածքում գտվող հանգստյան գոտիների տնակներ, խանութներ, բնակարաններ և կատարել հափշտակություններ՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերով գույքային վնաս:

Պարզվել է նաև, որ նույն անձինք, հափշտակություն կատարելու նպատակով, մուտք են գործել ՀՀ այլ մարզերում և Երևանում գտնվող բնակարաններ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել:

Բացի այդ, նշված 26-ամյա երիտասարդը, հայտարարությունների հարթակում տեսնելով ավտոմեքենաների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ, ինչպես միայնակ, այնպես էլ խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, կատարել են անձնագրի կեղծում և ավտոմեքենաների սեփականատերերին, կեղծ խոստումներ տալով, կեղծ անձնագրի տվյալներով պարտավորագիր ներկայացնելով, խարդախությամբ հափշտակել են ավտոմեքենաները, վաճառել և գումարը բաժանել միմյանց միջև:

Հիշյալ  երիտասարդը, 2019-2021թթ. ընթացքում, համաձայնության գալով իր ընկերների հետ, տարբեր մարզերում մուտք են գործել ավտոտեխսպասարկման, մետաղների ընդունման կետեր, ինչպես նաև  բնակարաններ, և կատարել գաղտնի հափշտակություններ: Որոշ դեպքերում էլ  հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով ավարտին հասցնել՝ հեռացել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (9 դրվագ), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով (2 դրվագ), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (10 դրվագ), 238-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (12 դրվագ), 255-րդ հոդվածի 1-ին մասով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 457-րդ հոդվածի 2-րդ մասով, 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (7 դրվագ) և 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, նրա մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Նշված քրեական վարույթի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված ևս 8 անձի մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել