Կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին․ «Տեղյակ եք, որ երեկ տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի արդյունքում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի շուրջ, բայց ես նաև ուզում եմ ասել, որ տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ քննարկում, և այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման»։
Փաշինյանը նաև հույս է հայտնելով, որ ՀԱՊԿ անդամները կհասնեն ընդհանուր հայտարարի։
«Չնայած նրան, որ ՀԱՊԿ խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն, մենք չստորագրեցինք հռչակագիրը, սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց, կրկին մեր չստորագրելու պատճառով, բայց ես էլի ուզում եմ ասել, որ դրական եմ համարում քննարկումը և դրական եմ համարում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ քննարկումները և հույս ունեմ, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, դրանք հնարավորինս արագ կիրականացնենք»,-ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը:
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել էր Փաշինյանը։