Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։
Այս մասին տեղեկությունը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով 2019 թվականի նոյեմբերի 19-ին Սուրիկ Խաչատրյանը ներգրավել է որպես մեղադրյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ու հայտարարվել է հետախուզում:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ Ս.Խաչատրյանը հայտնաբերվել է Ֆրանսիայի Հանրապետությունում, որի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջնորդության է ներկայացվել նրան հանձնելու վերաբերյալ:
Այս կապակցությամբ Ֆրանսիայի եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունից ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ՀՀ գլխավոր դատախազությունում 28.10.22թ. ստացվել է գրություն այն մասին, որ 29.06.2022թ. կայացրած որոշման համաձայն՝ դատական մարմինները բացասական կարծիք են հայտնել շահագրգիռ անձին արտահանձնելու դիմումի վերաբերյալ՝ նկատի ունենալով 13.12.1957թ. Արտահանձնման եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ Ֆրանսիայի կողմից արված վերապահումը»,-հայտնում են Գլխավոր դատախազությունից: