ՀՀ քաղաքացիները եկամուտների հայտարարագիր կներկայացնեն․ եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­­րա­րա­գրման համակարգ է ներդրվում

Կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստին որոշում է ընդունել Հայաս­տանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­­րա­րա­գրման համակարգ ներդնելու մասին։

Նախագծով առաջարկում է ներդնել ֆիզի­կական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ՝ զուգա­հե­ռա­բար ներդնելով միջազգային պրակ­տի­կա­յում լայնորեն կիրառվող «սոցիալական կրե­դիտ­­ների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգը:

Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց շրջանակը և հայ­տա­րա­րագիր ներկայացնելու ժամ­կետները.

Նախագծով առաջարկվում է ներդնել Հայաս­­տանի Հան­րա­պե­տության ռեզի­դենտ հան­­դիսացող ՀՀ բոլոր քաղաքացիների եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­րա­րա­գրման համակարգ, ինչը նշանակում է, որ հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև՝

  • հաշվետու տարվա ընթաց­քում եկա­մուտ չստացած կամ եկամտային հարկով հարկման առումով նվազեցվող եկամուտներ ստացած՝ ՀՀ ռեզի­դենտ հան­­դիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները,
  • հաշվետու տարվա ընթաց­քում միայն հարկային գործակալների կողմից եկա­մուտ ստա­ցած՝ ՀՀ ռեզի­դենտ հան­­դիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները:

Ընդ որում, նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղա­նա­կով պետք է լրացվի հարկային մար­մնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հար­կա­յին գործակալի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղե­կատ­վությունը: Հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչև յուրաքանչյուր հաշ­վետու ժամա­նա­կա­շր­ջա­նին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը:

Նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:

Մասնավորապես, նախագծով առա­ջարկ­վում է սահմանել, որ՝

  • 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝

ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրեն­­քով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,

բ. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող «հանդիսացած» ռեզի­դենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,

գ. ՀՀ ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետու­թյան քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հան­­­­­­դիսանում են «հան­դիսացել են» 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավել համա­խառն եկա­մուտ հայտա­րարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազ­մա­կերպության բաժ­նե­­­­տեր «փայա­տեր, անդամ»,

դ. ՀՀ ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայ­քարի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրական շահառու են համար­վում,

ե. ՀՀ ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

զ. ՀՀ ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում փաստացի օգտվել են Օրենս­գրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից,

է. ՀՀ ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել ՀՀ դուրս գտնվող աղբյուրներից.

  • 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝

ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված ՀՀ ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրա­պե­տության քաղաքացիները,

բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկ­­վող եկամուտ ստացած՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված ՀՀ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

գ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրեն­քով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշ­տոն­ներ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,

դ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող «հանդիսացած» ռեզի­դենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,

ե. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետու­թյան քաղաքացիները, որոնք 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հան­­­­­­դիսանում են «հան­դիսացել են» 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավել համա­խառն եկա­մուտ հայտա­րարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազ­մա­կերպության բաժ­նե­­­­տեր «փայա­տեր, անդամ»,

զ. ՀՀ ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաս­­տանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,

է. ՀՀ ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

ը. ՀՀ ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում փաստացի օգտվել են Օրենս­գրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից,

թ. ՀՀ ռեզի­դենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից,

ժ. սույն պարբերության 1-ին կետում նշված ֆիզիկական անձինք.

  • 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար ՀՀ ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացի­ները:

Սոցիալական ծախսերը.

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսեր են համարվում հար­կա­յին տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար՝ Օրենս­գրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետե­րով սահմանված հաշվարկային փաս­տա­թղթե­րով հիմ­նա­վորված առողջա­պա­հու­թյան, կրթու­­թյան և բնակարանային ապահովության գծով ծախ­սերը: Ընդ որում, սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղու­թյուն­ները, ընտանիքի անդամ­ների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը պետք է սահ­մանի Կառավա­րու­թյունը:

Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ՝

  • հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի սոցիալական ծախսերը Օրենս­գրքով սահմանված կարգով հաշվարկված և (կամ) վճար­ված (այդ թվում՝ հարկային գոր­ծա­կալի կող­մից) եկամտային հարկի գումարից փոխհա­տու­ցվում (վերադարձվում) են Կառա­վա­րու­թյան սահ­մա­նած կարգով,
  • սոցիալական ծախսերից չեն կարողանալու օգտվել այն հայտա­րա­րա­տու­ները, ովքեր տարվա ընթացքում եկամտային հարկ չեն վճարել (այդ թվում՝ հարկային գոր­ծա­կալի միջոցով),
  • սոցիալական ծախսերի փոխհատուցումից չեն կարող օգտվել Օրենս­գրքի 160-րդ հոդ­վա­ծով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված ֆիզի­կա­կան անձինք:

Նախագծով առաջարկվում է սահմանել մի շարք այլ կարգավորումներ, որոնք ուղղված են հայտարարագրման համակարգի կիրառությունը պարզեցնելուն և արդյունավետությունը բարձ­րաց­­նելուն: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝

  • ամրագրել, որ Կառավարությունը կարող է սահմանել անհատ ձեռնարկատեր չհան­դի­սա­ցող ֆիզիկա­կան անձանց հարկային մարմնում հաշվառման պար­զեցված կարգ,
  • ամրագրել, որ սահմանված կարգով և ժամկետներում ֆիզի­կական անձի կողմից եկա­մտա­­յին հարկի տարե­կան հաշվարկներ (հայտարարագրեր) չներ­կա­յացնելու դեպքում Օրենս­­գրքի 160-րդ հոդ­վա­­ծով սահմանված՝ ֆիզիկական անձանց ստացված եկա­մտա­յին հարկի գումար­­­ները ենթակա են հետ վերադարձման պետական բյուջե,
  • պարզեցնել մեր հայրենակիցների՝ արտերկրում ստացվող եկամուտների որոշակի շեմը չգերազանցող մասին (տարեկան 12 մլն դրամ) առնչվող փաստաթղթերի պահանջը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել