Տղամարդը ոտքերով, ձեռքերով հարվածել է նախկին կնոջը՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ

Հայկազ Ա.-ն  կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ է հասցրել նախկին կնոջը: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Նշվում է, որ տղամարդը 2022 թվականի հուլիսի 20-ին, ժամը 23:00-ի սահմաններում այցելել է իր նախկին կնոջ Ա. Բ.-ի բնակարան, որպեսզի տեսակցի իրենց որդուն: Սակայն կնոջ և տղամարդու միջև խոսակցություն է սկսվել իրենց հարաբերությունների մասին, որից հետո Հայկազ Ա.-ն բռնկվել է և ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցրել Ա. Բ.-ի գլխի հատվածին և մարմնի այլ հատվածներին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ: Կինը մասնավորապես ստացել է քունքային և կողմնային շրջանների սալջարդ-պատռված վերքեր, աջից գագաթոսկրի կոտրվածք, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, ձախ դաստակի թիկնային մակերեսի պատռված վերք, արյունազեղման և նախադաստակային 5-րդ ոսկրի կոտրվածք, որոնք առողջությանը պատճառել են ծանր վնաս:

Գործը դատարան է ստացվել 2022 թվականի նոյեմբերի 4-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին:

Հայկազ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասին 7-րդ կետի (առողջությանը ծանր վնաս պատճառելը`մերձավոր ազգականի կողմից) հատկանիշներով:

Նշվում է, որ Հայկազ Ա.-ն նախկինում դատապարտված է եղել, դատվածությունը մարված է:

Հայկազ Ա-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել