Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում`
– պետական կառավարման լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանում և տարանջատում,
– բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի շրջանակի սահմանում,
– բազմաբնակարան շենքի կառուցումից և բնակարանների վաճառքից հետո ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքը կառուցապատողի կողմից շենքի սեփականատերերին փոխանցման հետ կապված հարցերի կանոնակարգում,
– բազմաբնակարան շենքի կառուցման մեկնարկից մինչև կառավարման մարմնի ձևավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (հատկապես՝ Շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված ինժեներական ենթակառուցվածքների, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումների տեղադրման տարածքների) տնօրինման առանձնահատկությունների և սահմանափակումների սահմանում:
Նշվում է, որ նախագծի ընդունման հիմնական նպատակը՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի վերանայման միջոցով բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում պետական, տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների, ինչպես նաև նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի պարտականությունների սահմանումն է: