Երբ գործը մակագրվում է, դատավորի անունը լսելուց արդեն հասկանում ենք՝ արդարադատությունը որակյալ է լինելու, թե ոչ․ Արսեն Սարդարյան

Գուցե նախկին կոլեգաներս ասածիս շատ սուր անդրադառնան՝ ասեն, որ միջամտություն է դատավորի անկախությանը, բայց պետք է ասեմ․ երբ գործը մակագրվում է, դատավորի անունը լսելուց արդեն հասկանում ենք՝ արդարադատությունը որակյալ է լինելու, թե ոչ։ Այս մասին Ազգային ժողովում Դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը։

Նա նշեց, որ գոյություն ունեցող խնդիրների պայմաններում կան դատավորներ, որոնք իրեն անձնական ժամանակ օգտագործելով արդարադատություն են իրականացնում և որակ են ապահովում։

«Բայց ունենք դատավորներ,  որոնք չարաշահում են այս իրավիճակը և ծանրաբեռնվածության պատրվակով չեն աշխատում, կամ աշխատում են միայն իրենց հետաքրքրող գործերով։ Այստեղ կողմը որևէ լծակ չունի։ Մենք ասում ենք՝ քանի դեռ գործը դատավորի քննության փուլում է, որևէ ինստիտուտ չի կարող դրան միջամտել, այդ թվում՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը և Բարձրագույն դատական խորհուրդը։ Ժողովուրդ ջան, եթե տարիներով պահում է գործը, չէ որ անձը կախված է այդ գործի լուծումից։ 6 ամիս կամ 1 տարի անց պետք է հնարավորություն տանք կարգապահական վարույթ հարուցել դատավորի նկատմամբ»,-նշում է փաստաբանը։

Սարդարյանը նշում է, որ անբարեխիղճ դատավորը գործի քննության ընթացքում առերևույթ խախտումների դեպքում կարգապահական պատասխանատվության ռիսկի առջև կանգնի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել