Ազգային անվտանգության ծառայությունը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է ստեղծել արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող առանձին մարմին (ծառայություն)` վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակով:
Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որպես առանձին կառույց ՀՀ Արտաքին Հետախուզության ստեղծման անհրաժեշտությունը բխում է՝
• հետախուզական և հակահետախուզական բնույթի գործունեության արդյունավետության բարձրացման,
• դրանցում ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հետևողական իրականացման,
• տեխնոլոգիական տեսանկյունից՝ բազմատեսակ, գործունեության էության տեսանկյունից՝ բազմաբնույթ Հետախուզական Հանրության բնականոն ստեղծման հրամայականներից:
Այն համահունչ է համաշխարհային փորձին՝ թե՛ աշխարհի առաջատար երկրների, թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ մեր անմիջական հարևանների օրինակով:
ՀՀ Արտաքին Հետախուզության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռնելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ու համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին:
Նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում է ունենալ ժամանակակից ենթակառուցվածքներով և նյութատեխնիկական ապահովածությամբ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործընթացում ուրույն դերակատարում ունեցող, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մասնագիտացված արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ծառայություն:
Օրենքով կսահմանվի, որ Արտաքին հետախուզական գործունեությունը հիմնված է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պաշտպանելու, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձևերի, մեթոդների, ուժերի և միջոցների գաղտնապահության, արտաքին հետախուզական գործունեության աղբյուրների անվտանգության անվերապահ ապահովման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա:
Արտաքին հետախուզական գործունեության նպատակները․
1.Արտաքին հետախուզական գործունեության նպատակներն են՝
1) Վարչապետին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և բնապահպանական բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը.
2) Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտի պետական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, ինչպես նաև նույն քաղաքականության իրականացման ապահովումը.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովմանը, պաշտպանունակությանը, տնտեսական զարգացմանը, գիտատեխնիկական և ռազմաարդյունաբերական առաջընթացին աջակցումը.
4) արտաքին հետախուզական գործունեություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող այլ մարմիններին արտաքին հետախուզական ոլորտի համապատասխան տեղեկատվությամբ ապահովումը:
2.Արտաքին հետախուզական գործունեությունը չի կարող իրականացվել սույն օրենքով չնախատեսված նպատակներին հասնելու համար:
Արտաքին հետախուզական գործունեության մեթոդները, ձևերն ու միջոցները
1.Արտաքին հետախուզական գործունեության ընթացքում արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները կարող են օգտագործել բացահայտ և գաղտնի մեթոդներ, ձևեր ու միջոցներ։
2. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները հետախուզական գործունեության նպատակին հասնելու համար իրավասու են օգտագործել տեղեկատվական համակարգեր, տեսա-ձայնագրություններ, լուսանկարահանումներ, բաց և փակ կապի տեխնիկական միջոցներ, տեղեկատվության ստացման հրապարակային և ոչ հրապարակային հասանելի աղբյուրներ այդ թվում՝ բաց աղբյուրներից, գործակալական, ռադիոտեխնիկական, տեսապատկերային և այլ հետախուզության արդյունքում ստացված տեղեկատվությունները։
3. Արտաքին հետախուզական գործունեության գաղտնի մեթոդների, ձևերի և միջոցների օգտագործման կարգը սահմանվում է օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով։
4. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից սեփական անվտանգության ապահովումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հատուկ տեխնիկական միջոցները
1. Արտաքին հետախուզական գործունեության շրջանակներում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը հաստատում է արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը՝ համաձայնեցնելով Վարչապետի հետ:
2. Արտաքին հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում կիրառվող հատուկ տեխնիկական միջոցները չպետք է վնաս պատճառեն մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին:
3. Արգելվում է արտաքին հետախուզական գործունեության ոլորտում գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված (մշակված, ծրագրված, հարմարեցված) հատուկ տեխնիկական և այլ միջոցների օգտագործումը և արտաքին հետախուզական միջոցառումների անցկացումը սույն օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:
Ծառայության պաշտոնի նշանակումը
1. Ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Վարչապետը:
2. Ծառայության պետի տեղակալներին Ծառայության պետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Վարչապետը:
3. Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ, միջին, կրտսեր խմբերի պաշտոններում նշանակում ու պաշտոնից ազատում է Ծառայության պետը:
4.Սույն հոդվածով նախատեսված պաշտոններում նշանակելիս պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից միաժամանակ կարող է շնորհվել տվյալ պաշտոնին համապատասխան հատուկ կոչում, եթե տվյալ անձը չունի նախատեսված կոչումից բարձր կոչում: