Մայա Գրիգորյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն

Սույն թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանը:

ԳԱԱ-ից հայտնում են, որ ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի 2023-2027թթ. զարգացման ծրագիրը՝ Մայա Գրիգորյանը նշեց, որ գրադարանի հավաքածուների համալրման նպատակով օգտագործելու են գրադարանի համագործակցային բոլոր հնարավորությունները, ստեղծելու են նոր կապեր: Իրականացվելու են որոնողական աշխատանքներ աշխարհի խոշորագույն գրադարանների թվային պահոցներում՝ հայտնաբերելու, ուսումնասիրելու և թվայնացնելու հայագիտական հավաքածուները: Իրականացնելու են հավաքածուների ֆիզիկական պահպանությանը միտված միջոցառումներ: Պարբերաբար արդիականացնելու են թվային գրադարանի ենթակառուցվածքը՝ հիմք ընդունելով այդ բնագավառի վերջին նվաճումները: Տրամադրելու են թվային նյութերի որոնման լայն հնարավորություններ, ինչպես նաև նախատեսելու են ծառայություններ դեպի արտոնագրված թվային պաշարներ: Ներդրվելու են շտեմարանների նոր մոդելներ:

Հիմնարար գիտական գրադարանն օժանդակելու է Հայաստանի Հանրապետությունում գիտության և կրթության զարգացմանը, հանդես է գալու գիտական ծրագրերով ու հրապարակումներով, ունենալու է համատեղ մասնակցություն հետազոտական նախագծերին, սերտ համագործակցելու է ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի հետ, բարելավելու է «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մագիստրոսական կուրսի առարկայաշարը, շարունակելու է ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտությունների կազմման աշխատանքները, մասնակցելու է հայագիտական արժեք ներկայացնող մատենագիտական ցանկերի պատրաստման աշխատանքներին, մասնակցելու է Հայաստան-Սփյուռք գրադարանագիտական, մշակութային կապերի ամրապնդման աշխատանքներին: Մշակվելու են ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան-Վիքիպեդիա համատեղ ծրագրեր, ինչպես նաև գրադարանային տարբեր նախագծերում կիրառվելու է «Վիքիպեդիա»-ի գործիքակազմը:

Մայա Գրիգորյանը ծնվել է 1978թ.: 2000թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 2004թ-ին՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրան: 2018թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի աստիճան «Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ մասնագիտությամբ»: 2021թ-ից սովորում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դոկտորանտուրայում:

2009թ-ից դասախոսում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: 2001-2021թթ. եղել է Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ: 2021թ-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի գիտական քարտուղարն է: 2022թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի մեթոդիստը:

Մայա Գրիգորյանը 30 հոդվածի հեղինակ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել