Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, թե ինչ քննություններ են հանձնելու զինծառայողները ատեստավորման համար

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ պայմանագրային զինծառայողները կամավոր ատեստավորման համար հանձնելու են և՛ տեսական, և՛ գործնական քննություններ:

«Տեսական գիտելիքների ստուգման համար առաջիկայում կունենանք նաև համակարգային ծրագիր, որում զինծառայողը քննություն կհանձնի և կտեսնի արդյունքը: Բայց մեզ համար էական է գործնական հատվածը: Այսինքն՝ սպայական հատվածը՝ դասակ, վաշտ, գումարտակ, գունդ օղակում խնդիրներ լուծելու և նաև առաջադրած խնդիրները պատկերացնելու քննություն պետք է հանձնի, որը ևս տեսական է, բայց գործնականում պետք է դա տեսանելի լինի մեզ, որ զինծառայողը հասկանում է ինչպես զորքը կառավարել մարտի դաշտում: Մյուս մասը՝ ֆիզիկական պատրաստություն է, առանց ֆիզիկական պատրաստության հետագայում կունենանք բազում խնդիրներ: Եվ ամենակարևորներից մեկը կրակային պատրաստությունն է: Դա նույնպես պետք է ստուգենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը:

Նախարարի խոսքով՝ բարձրագույն սպայական կազմի և (մայորի կոչումից բարձր) ատեստավորումը անցկացնելու է Պաշտպանության նախարարության հանձնաժողովը, իսկ գլխավոր շտաբի հանձնաժողովը՝ մայորից ցածր զինվորականների ատեստավորումը:

«Ունենալու ենք նաև կորպուսային հանձնաժողովներ և այլ գերատեսչությունների առկայություն: Գուցե, քննարկենք նաև օրենսդիրի մեր գործընկերների հնարավոր մասնակցությունը»,- նշեց Պապիկյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել