Մենք մերժելու ենք ցանկացած առաջարկ, փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան

Միայն այն փաստը, որ այսօր բոլորդ կանգնած եք այստեղ, տասնյակ հազարավոր արցախցիներ, հայեր Արցախի Վերածննդի հրապարակում են, արդեն դա պատգամ է մարդկությանը, միջազգային հանրությանը, տարբեր երկրներին։ Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Մենք ապրում ենք օրհասական ժամանակահատված, առերեսվում ենք գոյաբանական վտանգների հետ, ավելին՝ ոչ միայն Արցախը, այլև մայր Հայաստանը և Սփյուռքը ևս։ Նրանց ապագան մեծապես կախված է Արցախից, արցախցուց»,- ասաց ԱԳ նախարարը։

Այս ծանր իրավիճակում պատվով դուրս գալու համար, ըստ Դավիթ Բաբայանի, պետք է աշխատել, պետք է չլինել անտարբեր, որը կարող է մեզ կործանել։ «Յուրաքանչյուրից է կախված մեր ապագան, յուրաքանչյուրից է կախված՝ լինելու է հաղթանակ, թե պարտություն»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է արտաքին ոլորտին, ԱԳ նախարարն ասաց, որ մեծ աշխատանք է տարվում համայն հայության հետ մեկտեղ։ Նրա խոսքով՝ պետք է լինել սկզբունքային, պետք է տեղ տալ արհեստավարժությանն ու հայրենասիրությանը։

«Մեզ համար անընդունելի է ցանկացած առաջարկ, ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս։ Մենք մերժելու ենք ցանկացած նման առաջարկ։ Եթե այդպիսի առաջարկ տարբեր միջազգային ատյաններից մեզ ներկայացնեն, մենք դա դիտարկելու ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ Հավատացեք, որ ի վիճակի ենք պաշտպանել Արցախը, կա այդ ներուժը։ Այդ ներուժը ձեզանից յուրաքանչյուրի մեջ է։ Մի հավատացեք, եթե ասեն, որ մենք ի վիճակի չենք պաշտպանելու»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել