Վերջերս մամուլից տեղեկացանք մի խումբ փաստաբանների հայտարարության վերաբերյալ, որով փորձ է կատարվում դատական իշխանությանը «ահաբեկել» մեկօրյա գործադուլով: Նախ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի մեր պատկերացմամբ գործադուլը աշխատողի իրավունքն է, որը հետապնդում է տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակ` աշխատողի և գործատուի միջև ծագած տարաձայնությունների կապակցությամբ: Ցավով պետք է արձանագրենք, որ մինչ սույն հայտարարությունը անկեղծորեն կարծում էինք, թե գործ ունենք անկախ փաստաբանական համակարգի հետ:
Հիմք ընդունելով ՀՀ դատավորի վարքագծի 8-րդ կանոնը, որի համաձայն «Արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր է զերծ մնալ մասնավոր շահերի, հասարակական կարծիքի ազդեցությունից, ինչպես նաև ազատ լինել քննադատության մտավախությունից», միգուցե զերծ մնայինք նշված հայտարարությանն անդրադառնալուն, սակայն նկատի ունենալով, որ այն պարունակում է բազմաթիվ մերկապարանոց ձևակերպումներ, մասնավորապես «անթույլատրելի գործելակերպ», «անընդունելի վիճակ», «համատարած խախտումներ» «օրեցօր խորացող ճգնաժամ» և կարող է հանրության մոտ սխալ պատկերացումների ձևավորման առիթ հանդիսանալ, որոշեցինք մի քանի մեկնաբանություններ ներկայացնել հայտարարությամբ բարձրացված հարցադրումների վերաբերյալ:
Հաշվի առնելով հայտարարության բովանդակությունը և դրա շարադրման ոճը, նախ անվերապահորեն պետք է ընդունենք հայտարարությունը հեղինակած փաստաբանների մտահոգությունն այն մասին, որ վստահորդների մոտ անվստահություն է առաջանում փաստաբանների մասնագիտական կարողությունների հանդեպ: Հայտարարության տեքստից կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ դրանց հեղինակները, կամ անտեղյակ են դատական համակարգի կառուցվածքից և ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակից, կամ էլ միտումնավոր փորձում են այն խեղաթյուրել:
Մասնավորապես, հարկ ենք համարում տեղեկացնել, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում, Եվրոպական չափանիշներին համահունչ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց եռաստիճան դատական համակարգ, որը կառուցված է ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հիման վրա, այսինքն` յուրաքանչյուր ատյան ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը: Առաջին ատյանի դատարանները բոլոր գործերը ըստ էության քննող դատարաններ են, վերաքննիչ դատարանները` վերաքննիչ բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանների կայացրած դատական ակտերի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգող դատարաններ են, իսկ Վճռաբեկ դատարանի համար ստեղծվեց որակական նոր կարգավիճակ` արդարադատություն իրականացնելիս Վճռաբեկ դատարանը պետք է ապահովի օրենքների միատեսակ կիրառությունը և դրանից բխող միասնական դատական պրակտիկան: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը իր գործունեությամբ պետք է նպաստի իրավունքի զարգացմանը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է առաջնորդվի վերոնշյալ առաքելության իրականացման նպատակներով և որևէ պարտավորություն չունի վարույթ ընդունելու տարեկան ներկայացվող տարբեր որակի և բովանդակության շուրջ 4.000 վճռաբեկ բողոք: Ի դեպ, այս անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը կազմված է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահից, երկու մասնագիտացված պալատների նախագահներից և ընդամենը 14 դատավորներից:
Բացի այդ, եթե հայտարարությունը հեղինակած փաստաբաններին հայտնի լիներ դատական համակարգի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հանձնարարականների պահանջները այն մասին, որ երրորդ ատյանի դատարան պետք է ներկայացվեն այնպիսի բողոքներ, որոնք արժանի են քննարկման այն հիմքով, որ զարգացնում են իրավունքը և նպաստում են օրենքի միատեսակ կիրառմանը, ապա կարծում ենք, որ հայտարարությունում նման մերկապարանոց եզրահանգումներ տեղ չէին գտնի:
Ինչ վերաբերում է հայտարարությունը հեղինակած փաստաբանների` վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումների բավարար պատճառաբանված չլինելու կարծիքին, ապա ներկայացնում ենք Եվրոպական դատարանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Ուշագրավ է, որ այն վերաբերում է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու որոշման պատճառաբանությանը: Եվրոպական դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ Դիմումատուն պնդում է, որ Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունվարի 15-ի որոշումը բավարար պատճառաբանված չէ, Դատարանը, ինչպես նշել է նախկինում, հարգելով բողոքարկման իրավունքը, նշում է, որ այնտեղ, որտեղ գերագույն դատարանը մերժում է գործը քննության ընդունելը այն հիմնավորմամբ, որ նման գործերի ընդունելության համար իրավական հիմքեր չկան, շատ սահմանափակ հիմնավորումը կարող է բավարարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները (see Nerva and Others v. the United Kingdom (dec.), no. 42295/98, 11 July 2000; Sawoniuk v. the United Kingdom (dec.), no. 63716/00, ECHR 2001-VI; Glender v. Sweden (dec.), no. 28070/03, 6 September 2005; Stepenska v. Ukraine(dec.), no. 24079/02, 12 June 2006; Jaczkó v. Hungary, no. 40109/03, § 29, 18 July 2006; Marini v. Albania, no. 3738/02, § 106, ECHR 2007-XIV (extracts); Kukkonen v. Finland (no. 2), no. 47628/06, § 24, 13 January 2009; and Wnuk v. Poland (dec.), no. 38308/05, 1 September 2009), (see Burg and Others v. France (dec.), no. 34763/02, ECHR 2003-II; and Gorou v. Greece (no. 2) [GC], no. 12686/03, § 41, ECHR 2009-…), (see X. v. Germany, no. 8769/79, Commission decision of 16 July 1981, Decisions and Reports 25, p. 240, and Müller-Eberstein v. Germany, no. 29753/96, Commission decision 27 November 1996).
Եվրոպական դատարանը գտել է, որ այս սկզբունքները կիրառելի են սույն գործի կապակցությամբ: Մասնավորապես, դիմումատուի գործը քննվել է երկու դատական ատյաններում` լիազորությունների ամբողջ ծավալով, ներկայացնելով իրենց որոշումների մանրամասն պատճառաբանություն: Վճռաբեկ դատարանը, որտեղ վարույթը սահմանափակված է միայն իրավունքի վերաբերյալ հարցերով և որի դերը օրենքի միատեսակ կիրառության ապահովումն է և դրա զարգացումը, ունի ընդունելության նախնական ընթացակարգ, որը վերաբերում է նրան, թե արդյոք ներկայացված բողոքը բավարարում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին: Անդրադարձ կատարելով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունվարի 15-ի որոշմանը, չի կարելի ասել, որ դրանում շարադրված պատճառաբանությունները հակասում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին (Բենիամին Ներսիսյանն ընդդեմ Հայաստանի, գործ թիվ 15371/07, 19.01.2010 թ)
Դեռ ավելին Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների որակի մասին է վկայում այն փաստը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում վկայակոչվում են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներն այն գնահատմամբ, որ դրանք համապատասխանում են Եվրոպական կոնվենցիային անգամ այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությունը դեռևս դրան հակասում է ( Գասպար Պողոսյանն ընդդեմ Հայաստանի, գործ թիվ 44068/07, 20.12.2011 թ.):
Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված «հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմինների, ինչպես նաև դատախազության արատավոր գործելակերպի» համար ՀՀ վճռաբեկ դատարանի պատասխանատվությանը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելության վերաբերյալ վերը նշված մեկնաբանություններից հետո այդ հարցին կրկին անդրադառնալը գտնում ենք ոչ նպատակահարմար: Սակայն, ավելորդ չենք համարում ներկայացնել արդարացումների վերաբերյալ վերջին տարիների մի քանի վիճակագրական տվյալներ: Այսպես, 2009 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 25 անձ, 2010 թվականին` 56 անձ, իսկ 2011 թվականին` 77 անձ:
Ինչ վերաբերում է հայտարարության մեջ արված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ ակնարկին, ապա պետք է ցավով արձանագրել, որ չնայած մեր կողմից ձեռնարկվող ամենօրյա միջոցառումներին, որոնք նպատակ են հետապնդում բացառելու դատավորի առանձին շփումները փաստաբանների և դատավարության այլ մասնակիցների հետ, դեռևս չի վերացել դատական համակարգի շուրջ տարբեր տեսակի խարդախների ծավալած գործունեությունը: Այդ մասին են վկայում վերջին տարիների ընթացքում շուրջ երկու տասնյակ փաստաբանների կողմից իրականացված խարդախության դեպքերը: Օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով հաստատված է, որ փաստաբանները խաբեությամբ իրենց հաճախորդներից տարբեր չափերի գումարներ են ստացել իբր դատավորներին կաշառելու նպատակով (Տես, օրինակ` ԵԿԴ/0348/01/09, ԵԿԴ0166/01/09, ԵԿԴ0086/01/09, ԵԿԴ0232/01/11, ԵԱՔԴ/0124/01/11 դատավճիռները):
Բնականաբար նշված դեպքերը չէին կարող իրենց բացասական ազդեցությունը չունենալ դատական իշխանության հեղինակության վրա: Ընդհանրապես, բոլոր համակարգերում, այդ թվում` դատական համակարգում, առկա են դեռևս չլուծված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև անձինք, որոնց գործելաոճը վարկաբեկում է տվյալ համակարգը: Բոլորիս երազանքն է ունենալ լիարժեք անկախ և կոմպետենտ դատական համակարգ: Հարցը կայանում է նրանում, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ամենօրյա, լուռ, քայլ առ քայլ, սակայն հետևողական աշխատանք և ոչ թե ինքնագովեստի դրսևորումներ:
Ամփոփելով վերոգրյալը, կոչ ենք անում հայտարարությունը հեղինակած փաստաբաններին բավարարվել օրենքով սահմանված կարգով իրենց դատավարական կարգավիճակից բխող պահանջները քննարկելու և լուծելու օրինական գործընթացով, իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնելիս առաջնորդվել փաստաբանի առաքելությամբ և չփորձել մերկապարանոց հայտարարություններով և շինծու վարքագծով ճնշում գործադրել դատական իշխանության վրա:
Արսեն Բաբայան
ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայություն