Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Զանգեզուրի միջանցքի ծրագրի իրականացումը տարածաշրջանը կվերածի կարևոր առևտրատրանսպորտային հանգույցի։ Այս մասին Ադրբեջանի 27-րդ միջազգային շինարարական ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ուղերձում նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչի մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա հայտնել է, իբր․ «Պատմականորեն Ղարաբաղը եղել է Ադրբեջանի զարգացած շրջաններից մեկը: Չընդունելով այս տարածքների գրեթե 30-ամյա օկուպացիան Հայաստանի կողմից, Ադրբեջանը 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում վերականգնեց պատմական արդարությունը՝ իր տարածքային ամբողջականությունը: Մեր ժողովուրդը, որը ցույց տվեց միասնությունն ու համերաշխությունը փառավոր հաղթանակի հասնելու համար արդեն վերադառնում է հայրենիք՝ հայրենի Ղարաբաղ՝ այս հողերի վրա հավերժ ապրելու համար։

Հետպատերազմյան շրջանում օկուպացիայից ազատագրված տարածքների վերակառուցումը, այստեղ կայուն բնակեցումը, ինչպես նաև տարածաշրջանը մեր երկրի զարգացած անկյունի վերածելը մեր առջև ծառացած կարևորագույն նպատակներից է։

Ադրբեջանն իր ողջ ուժերն ուղղեց այս գերագույն նպատակի հաջող իրականացմանը»,-նշել է թշնամի երկրի ղեկավարը։

———————

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Ակնայի (Աղդամի) շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի (Լաչինի) շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել