Իմ գնահատմամբ՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցը վաղուց լուծված կլիներ, եթե Ադրբեջանի կողմից շարունակաբար ագրեսիվ հայտարարություններ չարվեին․ տողերի տակում Ադրբեջանը փորձում է տեղադրել տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օրինակ՝ միջանցքի խոսույթը։ Դա ինչ խոսույթ է։ Մեր ասածը հետևյալն է․ մենք ուզում ենք կոմունիկացիաների բացում և նույնիսկ նախագծի անուն ունենք, «Հայկական խաչմերուկ»։ Կա սկզբունքային համաձայնությունը, որ ճանապարհները գործում են այն երկրների սուվերենության ներքո, որոնցով անցնում են։ Դա նշանակում է, որ լինելու է սահմանային, մաքսային հսկողություն։ Սրանց վերաբերյալ Ադրբեջանը առարկություն չի ներկայացնում, բայց կան նրբություններ, որոնց մասին ուզում են խոսել։
Ադրբեջանն ասում է՝ քանի որ կոնֆլիկտային իրավիճակ է, մենք չենք ուզում, որ ՀՀ սահմանն անցնելիս Ադրբեջանի քաղաքացին առնչվի Հայաստանի սահմանապահի և մաքսավորի հետ։ Բնականաբար, մենք էլ չենք ուզում, որ Հայաստանի քաղաքացին Ադրբեջանի սահմանը հատելիս առնչվի ադրբեջանի մաքսավորի և սահմանապահի հետ։ Տարբերակ կա, որ սահմանին կանգնեն ռուս սահմանապահներ։ Մենք առաջարկել են սահմանի վրա մաքսային և սահմանապահ ծառայությունները 2 կողմերը արտապատվիրակեն։ Մեզ համար պարզ չէ՝ Ադրբեջանը համաձայն է դրան, թե ոչ։ Բացի այդ, անձնագրերում դրոշ խփելու փոխարեն հնարավոր է ամենը էլեկտրոնային լինի, կամ կտրոններով»,-նշեց նա։