Առաջիկա օրերին Արարատ Միրզոյանը հանդիպում է ունենալու Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որտեղ պիտի սկսվեն խաղաղության պայմանագրի տեքստի մշակման առարկայական բանակցություններ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ ստորագրման նախապատրաստած փաստաթուղթ չկա, իսկ նման փաստաթղթի գոյությունը վարչապետը «շատ լավ» գնահատեց։
«Դա կնշանակեր, որ կարողացել ենք հասնել մի տեքստի, որի շուրջ մտածելու բան կա։ Պրոբլեմը նրա մեջ է, որ սեղանին թուղթ չկա, որը հասած կլինի կոնդիցիայի՝ ստորագրել, թե չստորագրել։ Կան նախագծեր, որոնք պատրաստվել են մեր կողմից։ Դրանք վերաբերում են տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը։ Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարարները պետք է առարկայական քննարկում սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Մինչև այս պահը նման փաստաթուղթ չի եղել։ Կոմունիկացիաների բացման վերաբերյալ տեքստ եղել է, բայց դա մենք ենք պատրաստել։ Մենք մեր պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրե, բայց դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը»,-նշեց Փաշինյանը։
Խոսելով խաղաղության պայմանագրի հնարավոր բովանդակության մասին՝ Փաշինյանը նշեց, որ պայմանագրի հիմքում պետք է լինի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից, փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը։ Եթե Ադրբեջանը ճանաչում է 1991-ի դեկտեմբերի 18-ի ԱՊՀ ստեղծելու համաձայնագրի վրա, ապա իշխանությունները պատրաստ են այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։ Նա նշեց, որ այս կետի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքը մինչև հիմա չկա։
«Մեր ընկալումը այն է, որ խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել։ ՀՀ-ն և Ադրբեջանը կարող ենք փոխադարձաբար ճանաչել տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի հարցի հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»,-նշեց վարչապետը։
Պայմանագրի ստորագրման հաջորդ կոմպոնենտը, նրա պատկերացմամբ, սահմանից զորքերի հետ քաշումն է, բացի այդ՝ սահմանային անվտանգության երաշխավորման մեխանիզմ պետք է գործի․ «Եվ հաջորդը․ միջազգային մոնիթորինգային դիտորդական մեխանիզմ պետք է լինի, որը կապահովի միջազգային երաշխավորությունը սահմանային անվտանգության իրավիճակին»։