2 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը բռունցքված էր Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության շուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Անհավասար մարտում ունեցանք թանկ կորուստներ, հազարավոր ընտանիքներում մարեց լույսը: Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, ապա ռազմական հանցագործությունները հուշեցին ու հաստատեցին, որ մեր ավագ սերնդի ընտրած ճանապարհն անշրջելի է: Մենք պետք է շարունակենք մեր ապագան կառուցել ինքնուրույն, ազատ կամարտահայտման ճանապարհով: Մեր ինքնորոշման իրավունքի լրիվ կյանքի կոչման համար հազարավոր կյանքեր են խլվել, խեղվել ճակատագրեր, հաշմվել բազմաթիվ նվիրյալներ:
Եվ այսօր Խաչերթի ժամանակ ձգվող երթն ու մեր Հայրենիքի մարտիրոսված հայորդիների լուսանկարներից ճառագող լույսն այդ ճանապահի փարոսն ու առհավատչյան են:
Մեծ շնորհակալություն Հայրենիքի բոլոր պաշտպաններին՝ ընկած և ողջ. Ձեր նվիրումի ու արիության շնորհիվ մենք շարունակում ենք պայքարը և անպայմանորեն կհասնենք մեր ազգային իղձերի իրագործմանը»,-գրել է նա։