Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագիծը։
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքն աշխատանքի հետ համատեղող ծնողը ևս կստանա նպաստ՝ նվազ չափով։
Նախագծով 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ոչ միայն խնամքի իրավունքի իրացման՝ նշանակման, վճարման, ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու, վճարումը դադարեցնելու եւ վերսկսելու պայմանները, այլ նաև սահմանել երեխայի խնամքի նպաստի տարբերակված չափեր:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծի նոր լրացմամբ՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար օրենքով սահմանված լրավճար վճարելու կարգը կսահմանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բարձրլեռնային բնակավայրերի շարքին են դասվում ծովի մակերեւույթից 2000 եւ ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պարտադիր կամ հարկադիր աշխատանքը և վերջինիս արգելքը սահմանող « Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերը քննարկվել են երկրորդ ընթերցմամբ։
Բոլոր օրենսդրական նախաձեռնություներն արժանացել են հանձնաժողովի հավանությանը։