Ավագանու անդամներից մեկն Անի Խաչատրյանին և Թեհմինա Վարդանյանին կասկածում է իր մահափորձի մեջ։ Այս մասին իր ելույթում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Անի Խաչատրյանը։
«Երևանի ավագանու պատմության մեջ, բացի կոյուղաջրերից, համենայն դեպս ես չգիտեմ, որ ավագանու անդամը, պատկան մարմիններին բողոք ներկայացնի ավագանու անդամների դեմ․ ի դեպ, տղամարդ, ներողություն արտահայտությանս համար, ավագանու անդամը՝ կին ավագանու անդամների դեմ։
Ուրեմն այսպես, այս դահլիճում մեկը կա, որ որոշում է, որ իմ և տիկին Վարդանյանի դեմ պետք է բողոք ներկայացնի ոչ ավել, ոչ պակաս՝ իր մահափորձի մեջ կասկածելու։ Սրանից հետո ես մտածեցի, որ Հայաստանում պետք է փակվեն կանանց իրավունքները պաշտպանող բոլոր կազմակերպությունները և անցնեն նմանօրինակ մարդկանց իրավունքները պաշտպանելու, որովհետև իրենք շատ թույլ և անպաշտպան ավագանու անդամներ են։
Այո, մեզ հրավիրեցին Կոտայքի բաժնի քննչական բաժին, այո, ես և տիկին Վարդանյանը հռհռալով գնացինք, որովհետև ծիծաղելու էր այս ամենը։ Բնականաբար անցած նիստի օրակարգային հարցի շուրջ վեճը աղերս չուներ քրեական գործի հետ։ Բնականաբար բողոքողը դրա մասին շատ լավ գիտեր, թե ինչի համար է դա արվել՝ թողնում եմ ձեր երևակայությանը»,-ասաց Անի Խաչատրյանը։
«Խնդրում եմ ինձ, որպես ավագանու անդամ պատասխանեն իրավապահ մարմինները, թե ինչ կար այդ նիստի ձայնագրությունում տվյալ ավագանու անդամի (Արման Անտոնյանի) կոստյումի ետնամասում, ինչ էր թաքնված և ինչքանով է դա օրիանական և ինչ իրավունք կա որևէ նմանատիպ բան բերել դահլիճ, ուղիղ եթերում քաղաքապետարանի՝ կա»,-ասաց Անի Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 2-ին ավագանու անդամները հայտարարություն տարածեցին, որ մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են ավագանու անդամ Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակի 11 հարված հասցրել նրան։ Վնասվածքներ ստացել է ոչ միայն ավագանու անդամը, այլև նրա 87-ամյա պապը։
Մանրամասները՝ տեսանյութում