Առաջիկա օրերին Մոսկվայից Երևան նախատեսված թռիչքների ավիատոմսերը շարունակում են թանկ մնալ։
Iravaban.net-ը հայտնում է, որ aviasales.ru կայքի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին սպասվող թռիչքների ավիատոմսերը, մեկ ուղղությամբ, արժեն մոտ 120․000 ռուբլուց սկսած, ինչը շուրջ 800.000 դրամ է կազմում։
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ավիատոմսերի գները 1 միլիոն դրամից ավելի արժեին։


Ռուսական լրատվամիջոցները ստեղծված իրավիճակը պայմանավորում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաք անցկացնելու հայտարարության հետ: Նմանատիպ իրավիճակ է նաև այն երկրների հետ, որտեղ մուտքի արտոնագիր չի պահանջվում:
Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ զորակոչի ենթակա են միայն ռեզերվում գտնվողները՝ նրանք, ովքեր անցել են զինվորական ծառայություն, ունեն զինվորական մասնագիտություն և ունեն փորձ։ Մինչ ստորաբաժանում ուղարկելը բոլորը լրացուցիչ վերապատրաստում կանցնեն։