«Մենք թուլանալու իրավունք չունենք». Մամիկոն Ասլանյանի ուղերձը

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․

«Սիրելի’ հայրենակիցներ, սիրելի՛ վանաձորցիներ,

2020 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունն անցնում է պատմական ծանր իրադարձությունների միջով, չավարտվող պատերազմը շարունակում է խլել մեր զավակներին, քույրերին ու եղբայրներին, որոնք մարտնչում են՝ հանուն մեր 31–ամյա պետականության:

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված Քառասունչորսօրյա պատերազմում հազարավոր հայորդիների անմահանալուց, պատերազմի ոչ հայանպաստ ելքից հետո այսօր էլ արկերը չեն լռում: Պատերազմ է մղվում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, վտանգի տակ է Տավուշը, ունենք հարյուրավոր զոհեր և անհետ կորածներ, վտանգված է մեր հայրենիքի գոյությունը:

Ծանր օրեր ենք ապրում, որոնք, վստահ եմ, հաղթահարելու ենք այն ազգանվեր մարդկանց շնորհիվ, որոնց մեջ ապրում է հայի աննկուն ոգին, հաղթահարելու ենք ազգային արժանապատվությամբ և ուժերի գերլարումով պետություն վերակառուցելու պատրաստակամությամբ:

Մենք թուլանալու իրավունք չունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատևության և հանուն կյանքի:

Զորակցություն եմ հայտնում զոհերի հարազատներին, խոնարհվում եմ և շնորհակալ եմ հերոսածին մայրերին, որոնց զավակներն իրենց մատաղ կյանքերով պարգևել և պարգևում են Հայաստանի Հանրապետության անկախության տոն ունենալու պատիվն ու հնարավորությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել