Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս. Հարությունյան

Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս: Այս մասին իր ուղերձի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այդ առումով մենք պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ ենք անցկացնում ՀՀ իշխանությունների հետ, որոնց ընթացքում ներկայացրել ու ներկայացնում ենք մեր դիրքորոշումները Արցախի ապագայի, հատկապես՝ անվտանգության ու կարգավիճակի հետ կապված: ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Կրկին անգամ հավաստիացնում եմ, որ մենք չենք ընդունելու Արցախի ժողովրդի շահերին հակասող որևէ փաստաթուղթ և այդ մասին հայտարարում եմ նաև հիմա՝ ի լուր աշխարհի»,-հայտնել է նա:

Արցախի նախագահը նշել է, որ կարևոր հարցերից մեկն էլ Ադրբեջանի հետ հարաբերություններն են այս ընթացիկ ժամանակահատվածում: Հարությունյանի խոսքով՝ նրանք բաց են ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորել բոլոր հիմնախնդիրները, այդ թվում՝ անվտանգային, հումանիտար ու ենթակառուցվածքային բնույթի:

«Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած խնդիր, որը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, պետք է լուծել բանակցելով: Այդ տրամաբանության շրջանակներում են հետպատերազմյան ժամանակահատվածում մեր պարբերական շփումները ադրբեջանական կողմի հետ՝ անհայտ կորածների որոնման, ջրային ռեսուրսների օգտագործման, ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ նպատակներով: Եվ այդ շփումներն ամենևին կապ չունեն Արցախի կարգավիճակի հետ, նման քայլերով մենք փորձում ենք որոշակի բարենպաստ պայմաններ ապահովել պետության ու ժողովրդի կենսագործունեության համար՝ հաշվի առնելով մերօրյա իրողությունները: Պետք է նաև նկատի ունենալ, որ հնարավոր չէ բոլոր նման շփումների վերաբերյալ մանրամասներ ներկայացնել հասարակությանը, քանի որ ավելորդ հրապարակայնությունը երբեմն վնասում է գործընթացին ու սպասվող արդյունքներին: Մի բան հստակ է, որ Արցախի իշխանությունները որևէ կարմիր գիծ չեն խախտում ու չեն խախտելու ադրբեջանական կողմի հետ նմանատիպ փոխշփումների ընթացքում, հակառակը՝ դրանց միջոցով կարողացել ենք բազմաթիվ մեծ ու փոքր հիմնախնդիրներ լուծել և կանխել»,-նշել է նա:

Հարությունյանի խոսքով՝ նրանք պատրաստ են լսելու ցանկացած քննադատություն, դրանից քաղելու դասեր ու խորհուրդներ, բայց երբեք չեն կարող անգործություն ցուցաբերել՝ քննադատվելու մտավախությունից ելնելով։

«Դա քաղաքական իշխանության և պետական կառավարման տապալում կլինի, մենք՝ իշխանություններս, պետք է խիզախություն ցուցաբերենք և պատրաստակամ լինենք գործելու, կարևորն այն է, որ մեր որոշումների ու գործողությունների հիմքում բացառապես Արցախի ժողովրդի, Արցախի Հանրապետության շահն է: Այդ շահը սպասարկելու համար մենք ստանձնել ենք պատասխանատվություն և ունենք բավարար կամք»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել