Պայմանագրային զինծառայողները կկարողանան կամավոր ատեստավորում անցնեն՝ լրավճար ստանալու համար

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի այն զինծառայողների համար, ովքեր զբաղեցնում են մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ, սահմանվում է ատեստավորման համակարգ և ատեստավորման արդյունքներով լրավճարի հաշվարկում, իսկ ատեստավորման և լրավճարի հաշվարկման կարգերն ու լրավճարների չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին համար լրավճար սահմանելու, լրավճարի հաշվարկումն այդ զինծառայողների ատեստավորմամբ պայմանավորելու և, դրանով իսկ, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությամբ:

Պայմանագրային զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման, ծառայության գրավչության և հանրային ծառայության այլ տեսակների հետ ընտրանքային (մրցակցային) հնարավորությունների ընդլայնման կարևորագույն բաղադրիչ է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան:

Միաժամանակ, այդ մոտիվացիան անմիջական ազդեցություն ունի թե զինծառայության արդյունավետ իրականացման, և թե քաղաքացիներին զինծառայությանը ներգրավման շրջանակներում առավել որակյալ ընտրություն կատարելու հնարավորության վրա: Խնդիրն առավել արդիական է զինվորական ծառայություն անցնելու այնպիսի պայմանների շրջանակներում, որոնք կապված են մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների կատարման հետ:

Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար սահմանել լրավճար, որի հաշվարկման հիմք է հանդիսանալու այդ զինծառայողների ատեստավորումը: Գործընթացի շրջանակներում նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ատեստավորման կարգ, որի համաձայն կներդրվի մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման համակարգը, կսահմանվեն ատեստավորման արդյունքներով լրավճարների հաշվարկման կարգը և չափերը:

Ընդ որում, ատեստավորման արդյունքները սահմանվելու են այնպես, որ դրանք վերաբերեն բացառապես լրավճար ստանալու իրավունքին կամ այդ իրավունքից չօգտվելուն և ազդեցություն չեն ունենալու զբաղեցրած պաշտոնին զինծառայողի համապատասխանության վրա:

Ատեստավորումն իրականացվելու է կամավոր հիմունքներով, բացառությամբ մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող զինծառայողների, որոնց համար սահմանվելու է պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո և ոչ ուշ, քանի 4-րդ ամիսը լրանալու օրը ատեստավորման պայման, ընդ որում, ատեստավորման արդյունքներով լրավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում լրավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից:

Ատեստավորման արդյունքներով լրավճար ստանալու իրավունք ձեռք չբերած սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողները կարողանալու են կրկին դիմել ատեստավորում անցնելու համար ոչ շուտ, քան 3 ամիս հետո, որի դեպքում լրավճար ստանալու իրավունք ձեռք բերելու պարագայում լրավճարը հաշվարկվելու է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել