«Իմ hրավերն է». Ալեն Սիմոնյանը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում հայտնել է, որ իր հրավերով սեպտեմբերի 17-ին Հայաստան կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

«Իմ hրավերն է, բայց ես չեմ ուզում դա կոնկրետ վերագրվի, որովհետև այնուամենայնիվ դա քաղաքական որոշում է եղել։ Դա դեսպանի մեծ աշխատանքն է, դա քաղաքական թիմի մեծ աշխատանքն է։ Դա նաև գնահատական է ժողովրդավարության այն աստիճանի, որը Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի։ Շնորհակալ եմ խոսնակ Փելոսիին, որ չչեղարկեց իր այցը, այդ այցի մասին ես ավելի վաղ գիտեի, և ասեմ, որ նրա այցը ՀՀ-ում շատ մեծ դեր կունենա հենց անվտանգության առումով»,-նշել է նա։

ԱԺ նախագահն անդրադարձել է նաև զենքի խնդրին։

«Միակ ռեալ կարիքը, որ ունենք, զենքի կարիքն է: Այս ուղղությամբ տարբեր միջոցներ ենք ձեռնարկում»,-անդրադառնալով ՀՀ բանակի կարիքներին՝ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Զենքն անընդհատ համալրման կարիք ունի: Մնացած բոլոր կարիքները հոգալու մասով Կառավարությունն ամեն ինչ անում է եւ որեւիցե գումարային խնդիր չունի»,- մասնավորապես նշել է Ալեն Սիմոնյանը:

Ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին, թե ի վերջո ինչ է ուզում Ալիեւը, որ մենք չենք տալիս բանակցություններով եւ ուզում են վերցնել ուժով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք եւ Թուրքիան, եւ այդ ուղղությամբ անում են ամեն ինչ: Մարտավարությունն այսպիսին է. հենց ինչ-որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում եւ այլ բան է ուզում, եւ այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել