Ընկերներով անչափահաս աղջիկ են առևանգել

Նարեկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ մարտի 15-ին «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի, 1996 թվականին ծնված անչափահաս Մարիամ Գասպարյանին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով իր ընկերների հետ, կազմակերպել և խմբի կազմում իրականացրել է անչափահասի առևանգումը: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

19-ամյա երիտասարդը կալանավորված է: Գործի դատաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Նշենք, որ խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված՝ «Պատանդ վերցնելը» հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,
4) անչափահասի նկատմամբ,
5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
7) շահադիտական դրդումներով`

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել