Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու համար համայնքի ղեկավարը կամ մարզպետը ստեղծում են մրցութային հանձնաժողովներ: Համայնքների մրցութային հանձնաժողովները գլխավորում են համայնքի ղեկավարները, իսկ մարզային հանձնաժողովները` մարզպետները կամ նրանց կողմից լիազորված` մարզպետարանի աշխատակազմի պաշտոնատար անձը: Մրցութային հանձնաժողովները սահմանում են մրցույթի պայմանները: Մրցույթներն անցկացվում են բաց: Մրցույթում հաղթող է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը, իսկ առաջադրված պայմանների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Վարձակալությամբ տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալն ունի պայմանագիրը նոր ժամկետով երկարաձգելու նախապատվության իրավունք, եթե նա հողամասն օգտագործել է արդյունավետ և պահպանել պայմանագրի պայմանները:
Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի համար վարձավճարի նվազագույն չափը սահմանվում է տվյալ հողամասի հողահարկի դրույքաչափից ոչ պակաս և գանձվում է պայմանագրով սահմանված կարգով:
Համայնքի վարչական սահմաներից դուրս գտնվող հողամասերի վարձակալության մրցույթները կազմակերպվում են մարզային հանձնաժողովները մարզպետի գլխավորությամբ: