Հայտարարությամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, որում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք բոլորս հերթական անգամ հայտնվել ենք դժվարին իրավիճակում: Բոլորիս մտքերը սահմանին կանգնած մեր տղաների հետ են, ովքեր անձնվիրաբար իրականացնում են հայրենիքի պաշտպանության իրենց սուրբ առաքելությունը: Խոնարհումս՝ մեր ընկած զինվորների հիշատակին, համբերություն նրանց ընտանիքներին ու հարազատներին, ապաքինում բոլոր վիրավորներին:
Այսօրվա իրավիճակը, ցավոք, կանխատեսելի էր: Կարո՞ղ էինք խուսափել սրանից՝ իհա՛րկե: Եվ բազմիցս ու շատ հստակ նշել ենք շարունակվող ողբերգությունը կանգնեցնելու միակ ուղին: Սրա հետ կապված ասելիք շատ կա, բայց այսօր այդ ամենի օրն ու ժամը չէ:
2020թ. 44-օրյա պատերազմի սանձազերծման և պատերազմական հանցագործությունների համար համարժեք արձագանքի չարժանացած Ադրբեջանը հերթական ագրեսիային է դիմել՝ հարձակվելով ՀՀ սուվերեն տարածքի վրա: Կեսգիշերից հայկական դիրքերի ուղղությամբ թշնամու հարձակման և հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված լարված իրավիճակի պատճառները մի քանիսն են: Եվ, իհարկե, այդ ամենում զգալի դեր ունի միջազգային հանրության հասցեական գնահատականի բացակայությունը: Բաքվի հերթական ագրեսիան, որն այս անգամ ՄԱԿ-ի անդամ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ է իրականացվում, պիտի ստանա համապատասխան միջազգային արձագանք՝
• Ռուսաստանի Դաշնության կողմից, որը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է՝ 1997թ. «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրով առկա երկկողմ պարտավորություններով ու համապատասխան գործիքակազմով: ՌԴ-ն նաև 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության միջնորդն ու երաշխավորն է, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող երկիր,
• ՀԱՊԿ-ի կողմից, որի լիարժեք անդամ է Հայաստանի Հանրապետությունը և որն ունի ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հարցում հստակ պարտավորություններ՝ հաշվի առնելով, այդ թվում, ՀՀ պաշտոնական դիմումը,
• ԵԱՀԿ-ի կողմից՝ որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով մասնագիտակցված կառույցի, որի ներքո է ձևավորվել նաև արցախյան կարգավորման գործընթացում 1992թ. միջնորդական հիմնական ձևաչափ հանդիսացող մարմինը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը,
• ՄԱԿ-ի կողմից՝ որպես միջազգային իրավակարգի պահպանման պատասխանատու կառույցի:
Կարևոր է գիտակցել, որ այսօր ստեղծված իրավիճակում վերոնշյալ պետությունների ու կառույցների, նաև՝ միջազգային հանրության մյուս անդամների արձագանքի բացակայությունը, հապաղումը, հասցեական կամ հստակ չլինելը, անկախ դրանց պատճառներից, մեծացնելու է ամենաթողության մթնոլորտը Բաքվում՝ հնարավորություն տալով նոր սադրանքների ու ապօրինությունների: Հետևաբար, այսօրվա լռության պարագայում վաղվա Ադրբեջանի կեցվածքի ու քայլերի պատասխանատուն են դառնալու նաև վերոնշյալ դերակատարները»