Սեպտեմբերի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, գնահատում են կորուստներն ու ճշգրտված տեղեկատվությունը կհրապարակվի։ Ուզում եմ ասել նաև, որ ըստ էության, այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել հարձակման մասին, Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել՝ մինչև լուսաբաց»,-ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ նիստի արդյունքներով որոշում է կայացվել դիմել ՀԱՊԿ-ին և այդ դիմումի առիթով տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ։
«Դիմել ենք նաև ՌԴ-ին, 1997 թվականի բարեկամության, փոխօգնության պայմանագրի հիման վրա և որոշում ենք կայացրել դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի իրավիճակը հրատապության կարգով քննարկվի։ Գիշերվա ընթացքում հեռախոսազրույցներ եմ ունեցել ՌԴ, Ֆրանսիայի, Իրանի նախագահների հետ, ԱՄՆ պետքարտուղարի հետ, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ՊՆ-ն զրույց է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ հետ և մենք այժմ այս ուղղություններով աշխատում ենք, որպեսզի իրավիճակը հնարավորինս արագ կայունացնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
_________
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։