Տղամարդը հարձակվել է խանութի 70-ամյա աշխատակցի վրա, հարվածել և գումար հափշտակել. ոստիկանություն

Սեպտեմբերի 8-ին, ժամը 22.45-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Առինջ գյուղի խանութում մի տղամարդ հարվածել է խանութի աշխատակցին և գրպանից գողացել խանութի փողը:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Մեկնել է ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 22.00-ից ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Գարեգին Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի խանութում հարձակվել է 70-ամյա աշխատակցուհու վրա, բռունցքով խփել աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ: Հիվանդանոցից էլ հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը, «աջ աչքի փափուկ հյուսվածքների սալջարդ, հեմատոմա» ախտորոշմամբ, բուժօգնություն է ցուցաբերել 70-ամյա կնոջը:

Կոտայքի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Սեպտեմբերի 9-ին, ժամը 00.20-ին, Առինջ գյուղի 29-ամյա բնակիչը Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել