Որդեգրումն իրավաբանական ակտ է, որի համաձայն` որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություներ:
Ամուսնության մեջ չգտնվող որդեգրողի և որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս:
Երեխա որդեգրել ցանկացողները գրավոր դիմում են մարզային հանձնաժողովին, որի նախագահն ի պաշտոնե մարզպետի տեղակալն է:
Եթե որդեգրողը ՀՀ քաղաքացի է և արդեն ունի որդեգրելու համար ընտրած երեխա, և առկա է երեխայի ծնողների գրավոր համաձայնությունը` տվյալ անձի կողմից իրենց երեխային որդեգրելու մասին, ապա համապատասխան նշում է կատարվում դիմումի մեջ:
Մարզային հանձնաժողովը անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կատարում է որդեգրողի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում է համապատասխան ակտ, որի հիման վրա տալիս է որդեգրման հնարավորության մասին եզրակացություն:
Հանձնաժողովի եզռակացությունը ստանալուց հետո որդեգրողը դիմում է դատարան` որդեգրումը հաստատելու մասին խնդրանքով:
Որդեգրումը դատարանի կողմից հաստատվելուց և վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է վճռի քաղվածքն ուղարկել վճռի կայացման վայրի քաղաքացիական կացության ակտերի գրացումն իրականացնող մարմին: