Եթե անձը պատիժը կրելու ընթացքում հիվանդացել է հոգեկան խանգարմամբ, որը նրան զրկել է իր գործողությունների (անգործության) փաստական բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից, ապա դատարանը նրան ազատում է պատիժը կրելուց: Այդպիսի անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց:
Եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է այլ ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված անձինք առողջանալու դեպքում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի, եթե օրենքով սահմանված վաղեմության ժամկետները չեն անցել: Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողը պատիժը կրելուց ազատվում է այնպիսի հիվանդության դեպքում, որի հետևանքով նա համարվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի: