ԿԳՄՍ նախարարի հրամանը՝ սովորողների տնային ուսուցման վերաբերյալ

Օգոստոսի 29-ին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել, որով սահմանել է սովորողների տնային ուսուցման կարգը՝ համաձայն հավելվածի։

Iravaban.net-ը հայտնում է, որ սեպտեմբերի 2-ին հրամանը ուժի մեջ է մտել։

ԿԱՐԳ

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորում են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Հաստատություն) հաշվառված, առողջական վիճակի, ինչպես նաև բուժման պատճառով Հաստատություն հաճախել չկարողացող սովորողների (այսուհետ՝ սովորող) ուսումնառությունը տնային, հիվանդանոցային (այդ թվում՝ արտերկրում) (այսուհետ՝ տնային պայմաններ) իրականացնելու վերաբերյալ իրավահարաբերությունները։

2. Սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպում է այն Հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը: Այն կարող է իրականացվել նաև հեռավար ուսուցման ձևով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանների համաձայն։

3. Տնային ուսուցման կազմակերպման համար հիմք են հանդիսանում բժշկական հաստատության տված տեղեկանքը սովորողի առողջության և (կամ) բուժման կազմակերպման ձևի մասին և սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) (այսուհետ՝ ծնող) գրավոր դիմումը՝ համաձայն Ձև 3-ի, և ծնողի և հաստատության միջև կնքված պայմանագիրը՝ համաձայն Ձև 1-ի:

4. Տնային ուսուցման ժամանակահատվածում Հաստատությունն իրականացնում է աշխատանքներ՝ սովորողի ուսուցումը Հաստատությունում իրականացնելու համար։

5. Տնային ուսուցում կազմակերպելու մասին պայմանագիրը կնքվում է առավելագույնը 2 ուսումնական տարի ժամկետով, և դրա գործողության ժամկետը կարող է երկարաձգվել միայն երեխայի առողջության պահպանման տեսանկյունից Հաստատություն հաճախելու անհնարինության դեպքում՝ Հաստատության մանկավարժական խորհրդի որոշման և առողջության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։

6. Սովորողի՝ տնային ուսուցումը կազմակերպելու մասին Հաստատությունը եռօրյա ժամկետում տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնին և նշում է կատարում Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում:

2. ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

7. Տնային ուսուցման կազմակերպման իրավահարաբերությունների մասնակիցներն են՝ սովորողները, ծնողները, այդ սովորողների ուսուցման կազմակերպման մեջ ներգրավված ուսուցիչները, մանկավարժական այլ աշխատողներ, ինչպես նաև Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները՝ ըստ անհրաժեշտության։

8. Սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող երեխաների անհատական ուսուցման ուսումնական պլանի, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի պարագայում նաև Հաստատության կազմած անհատական ուսուցման պլանի (այսուհետ՝ ԱՈՒՊ) համաձայն։

9. Սովորողի տնային ուսուցումը կազմակերպելու համար նրա ծնողը Հաստատություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում՝ ուղղված Հաստատության տնօրենին (համաձայն Ձև 3-ի).

2) սովորողի առողջության վերաբերյալ տեղեկանք.

3) հիվանդանոցային պայմաններում կազմակերպելու դեպքում՝ բժշկական հաստատությունից տեղեկանք՝ հիվանդանոցային բուժման մասին։

10. Սովորողի տնային ուսուցումը կազմակերպվում է Հաստատության տնօրենի հրամանով՝ համաձայն Ձև 2-ի՝ ծնողի դիմումի և սովորողի առողջության վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։

11. Ծնողի կողմից փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու պահից առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում Հաստատության մանկավարժական խորհուրդը որոշում է ընդունում դիմումը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ, որի մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում Հաստատության տնօրենը տեղեկացնում է ծնողին: Դիմումը բավարարվելու դեպքում Հաստատության և ծնողի միջև կնքվում է սովորողի տնային ուսուցման կազմակերպման պայմանագիր` պահպանելով սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետը:

12. Տնային ուսուցումը կազմակերպվում է պայմանագրի կնքման պահից:

13. Տնային ուսուցման կազմակերպման գործընթացը երկարաձգելու համար սովորողի ծնողը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հաստատություն է ներկայացնում սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը։

14. Սովորողի տնային ուսուցման վաղաժամկետ դադարեցումը հնարավոր է սովորողի ծնողի նախաձեռնությամբ` դիմումի հիման վրա:

15. Տնային պայմաններում սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցությունն իրականացվում է Հաստատության և Հաստատությանը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության թիմի մասնագետների կողմից՝ համաձայն սովորողի ԱՈՒՊ-ի։

16. Հաստատությունը տնային ուսուցման ընթացքում՝

1) ապահովում է տնային ուսուցում ստացող սովորողների կրթության իրավունքը՝ հաստատություն հաճախող սովորողների հետ հավասար հիմունքներով.

2) սովորողին անվճար տրամադրում է Հաստատության գրադարանային ֆոնդում առկա ուսումնաօժանդակ նյութեր՝ ըստ անհրաժեշտության,

3) ապահովում է սովորողի ուսումնառության իրականացումը տանը՝ ներառյալ էլեկտրոնային ուսուցման կիրառումը և հեռավար ուսուցման տեխնոլոգիաների տրամադրումը՝ ըստ անհրաժեշտության,

4) կազմում է ուսուցման ժամանակացույցը,

5) ընտրում և օգտագործում է սովորողի ուսումնառության և զարգացման առանձնահատկություններին համապատասխան ուսուցման մեթոդներ ու միջոցներ,

6) կազմակերպում է ուսումնական գործընթացն օրացուցային ուսումնական ժամանակացույցին համապատասխան (օրացուցային-թեմատիկ պլանավորում՝ ըստ անհատական դասացուցակի),

7) սովորողին և իր ծնողին կարող է ներգրավել Հաստատության կողմից իրականացվող կրթական և այլ գործունեության մեջ,

8) պայմաններ է ստեղծում հնարավորության դեպքում սովորողի՝ առարկայական օլիմպիադաներին, ստուգատեսներին և փառատոններին, սպորտային մրցույթներին, արտադպրոցական աշխատանքներին, ինչպես նաև կազմակերպված ժամանցի և լրացուցիչ կրթության այլ ձևերին մասնակցությունն ապահովելու համար,

9) իրականացնում է սովորողի ուսումնական առաջադիմության ընթացիկ գնահատում, ամփոփիչ ստուգում, ատեստավորում և սովորողի փոխադրում հաջորդ դասարան,

10) խորհրդատվություն է տրամադրում սովորողի ծնողներին՝ սովորողի կրթության գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

17. Սովորողի ծնողը՝

1) ապահովում է սովորողի ուսումնառության և մանկավարժահոգեբանական աջակցությունների տրամադրման կազմակերպումը տնային պայմաններում՝ ներառյալ էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները՝ առկայության դեպքում,

2) տնային ուսուցում իրականացնող ուսուցչի (մանկավարժական աշխատողի) առաջարկով և (կամ) հեռավար կազմակերպման դեպքում ապահովում է ընտանիքի չափահաս անդամի ներկայությունը դասապրոցեսին,

3) վերահսկում և հետևում է սովորողի տնային աշխատանքների կատարմանը,

4) ժամանակին տեղեկացնում է ուսուցչին/մանկավարժական աշխատողին սովորողի առողջական վիճակով պայմանավորված ուսումնական պարապմունքները դադարեցնելու անհրաժեշտության և դրանց վերսկսման հնարավորության մասին,

5) հնգօրյա ժամկետում տեղեկացնում է տնային ուսուցման կազմակերպման համար հիմքերի (սովորողի առողջական վիճակի կամ բուժման) փոփոխության կամ վերացման մասին:

18. Հաստատության տնային ուսուցում իրականացնող մանկավարժական աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հաստատության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով, կողմերի միջև կնքված պայմանագրով և սույն կարգով:

19. Հաստատության կողմից տնային ուսուցման կազմակերպման և գործընթացի վերահսկողության համար պատասխանատու է Հաստատության տնօրենը:

3. ՏՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

20. Տնային ուսուցումը կազմակերպվում է պետական բյուջեով Հաստատությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:

21. Տնային ուսուցման պայմաններում հանրակրթական ծրագրերի մատուցման համար ֆինանսավորման չափի կարգավորումները սահմանված են «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման դրույթներով:

22. Տնային ուսուցում իրականացնող ուսուցիչների վարձատրությունն իրականացվում է ժամավճարով` հաշվի առնելով Հաստատությունում սահմանված դրույքաչափը:

23. Ուսուցչի/մանկավարժական աշխատողի հիվանդության և բացակայության դեպքում Հաստատության տնօրենը, հաշվի առնելով կադրային հնարավորությունները, պարտավոր է կա՛մ ապահովել այլ ուսուցչի/մանկավարժական աշխատողի ներգրավվածությունը, կա՛մ տնային ուսուցումը կազմակերպել սույն կարգի 2-րդ կետի պահանջներին համապատասխան, կա՛մ տեղափոխել դասերը՝ ծնողների հետ գրավոր համաձայնությամբ՝ ընդունելով համապատասխան հրաման: Հրամանում նշվում է, որ տնային ուսուցում իրականացնող ուսուցչի/մանկավարժական աշխատողի հիվանդության պատճառով դասերը կիրականացվեն այլ ուսուցչի/մանկավարժական աշխատողի կողմից, կամ դասերը տեղափոխվում են՝ նշելով նաև փոխարինման և տեղափոխման օրերն ու ժամերը:

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել