Երկքաղաքացիության ինստիտուտի առանձնահատկությունները

1995 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն` ՀՀ քաղաքացին միաժամանակ չէր կարող լինել այլ պետության քաղաքացի:

2005թ. սահմադրաիրավական բարեփոխումներից հետո Հայաստանում ընդունվեց երկքաղաքացիության ինստիտուտը, ինչն էլ հիմք հանդիսացավ կատարելու փոփոխություններ գործող օրենքներում: Երկքաղաքացիության ներդմամբ բազմաթիվ հարցեր էին ծառացել թե´ օրենսդրի, թե´ քաղաքացիների առջև` կապված մարդու անվան, հաշվառման, զինակոչման և այլնի հետ:

Ո՞վ է համարվում ՀՀ երկքաղաքացի


Համաձայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի` երկքաղաքացի է համարվում այն անձը, որն ունի մեկից ավելի պետությունների քաղաքացիություն: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

ՀՀ-ը ճանաչո՞ւմ է արդյոք ՀՀ երկքաղաքացու մյուս քաղաքացիությունը


Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունի ՀՀ երկքաղաքացին


Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

Ի՞նչ է պարտավոր կատարել ՀՀ քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ստանալու կամ ընդունելու դեպքում


Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին` Ոստիկանության Անձնագրերի և Վիզաների վարոչություն:

Ինչպե՞ս է լուծվում ՀՀ երկքաղաքացիների զինապարտության հարցը


Ըստ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:

Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:

ՀՀ երկքաղաքացին արդյո՞ք կարող է մասնակցել ՀՀ ընտրություններին


ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել /քվեարկել/ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունեցող երկքաղաքացիները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել