Զինծառայողների իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության բովանդակությունն ու ծավալը կախված են այն հանգամանքից, թե արդյոք նրանք զինվորական ծառայության պարտականություններ են կատարում, թե ոչ:
Զինծառայողների պարտականությունների կատարում ասելով՝ հասկացվում է մարտական գործողություններին մասնակցելը, պաշտոնեական պարտականությունների, մարտական հերթապահության կատարումը, զորավարժություններին մասնակցելը, աշխատակարգով սահմանված ծառայության ժամանակամիջոցում զորամասի տարածքում կամ, եթե դա թելադրված է ծառայության անհրաժեշտությամբ, ծառայողական գործուղման կամ բուժման մեջ գտնվելը, ծառայության վայր, բուժման մեկնելը կամ վերադառնալը, զինվորական հավաքներին մասնակցելը, գերության մեջ (բացառությամբ կամավոր գերի հանձնվելու դեպքերը), պատանդի կամ ներկալվածի վիճակում գտնվելը, անհայտ բացակայությունը` մինչև զինծառայողին օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչելը կամ մեռած հայտարարելը, անհատի կյանքի, առողջության, պատվի ու արժանապատվության պաշտպանությունը, օրինականության և իրավակարգի ապահովման գործում իրավապահ մարմիններին օգնություն ցույց տալը, զինծառայողների այլ գործողություններ, որոնք դատարանի կողմից ճանաչվել են որպես հասարակության ու պետության շահերից բխող:
Որպես զինվորական ծառայության պարտականությունները կատարող չեն ճանաչվում այն զինծառայողները, որոնք կատարում են քրեական օրենսդրությամբ նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ:
Անհրաժեշտության դեպքում հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը պարտավոր է զինվորական ծառայության պարտականությունների կատարմանն անցնել ցանկացած ժամանակ:
Զինվորական ծառայության կատարման ժամանակ զինծառայողները համարվում են պետական իշխանության ներկայացուցիչներ և գտնվում են պետության պաշտպանության տակ: