Պատմաբան, «Կրթություն և համերաշխություն» արհմիության անդամ Վահան Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուզում եմ պատմել Ամբերդի դպրոցի եւ տնօրենի` Մաղաքյան Զոհրաբի մասին։ Ուրեմն նվազագույն պայմաններով, այդ դպրոցը պետություն է պետության մեջ` դրական առումով։ Զոհրաբի էներգիան, սովորողների համախմբվածությունը, կոլեկտիվի նվիրվածությունը վարակիչ են։
Տարիներ առաջ դեղձի, խաղողի, սալորի, տանձի այգիներ են դրել։ Մշակում են սովորողների հետ։ Բերքը ստանում` վաճառում են։ Մեղվի փեթակները նորույթ էին։
Ձեռի հետ չրանոց են բացել, որտեղ ուսուցիչները երկրորդ աշխատանք ունեն։ Հին բարդիները վերածել են տախտակների ու իրենց ձեռքով վերականգնում են դպրոցի գույքը, սեղան-աթոռը, էս տարի արդեն` մարզադահլիճի հատակը։ Ստացած եկամուտներից անվճար սնունդը հասցրել են մինչեւ 9-րդ դասարան։
Առաջին ու 12-րդ դասարանցիներն անվճար հագուստ են ստանում։ Այլ տեղերում դա մի մեծ կոռուպցիոն շղթա է։ Քարը քարի վրա դնելով, օրը մի բազմոց վերանորոգելով, օրը մի սիրուն բան ստեղծելով կառուցում են իրենց կրթական միջավայրը։ Ամեն անգամ դրական հույզերով եմ վերադառնում այդ դպրոցից։
Ով ինչ ծրագիր ուզում է անի, միեւնույնն է, կրթության կենտրոնում ազատ ու նախաձեռնող մարդն է»։