Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է հստակեցնել կենսաթոշակը կամ նպաստ ստանալու վճարման եղանակը փոխելու՝ աշխատող կենսաթոշակառուի կամ նպաստառուի կողմից դիմումն առցանց ներկայացնելու ընթացակարգը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման N 1 հավելվածի (այսւոհետ՝ Հավելված) 6.3-6.8-րդ կետերով կանոնակարգված են աշխատող կենսաթոշակառուի առցանց դիմումի հիման վրա ինքնաշխատ եղանակով կենսաթոշակն ստանալու եղանակը (եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակառուին կենսաթոշակը կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով) կամ բանկը կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը փոխելուն առնչվող հարաբերությունները։
Մասնավորապես, Հավելվածի 6.6-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը փոխելու համար ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում։
Հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակը ազգային օպերատորի կողմից ստանալու համար ազգային օպերատորի հետ կնքվում է Էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր, որն ըստ հավելվածի 6.2-րդ կետի՝ կենսաթոշակառուն պետք է կցի համապատասխան դիմումին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առցանց եղանակով ներկայացված դիմումներին որևէ փաստաթուղթ չի կցվում, ահրաժեշտ է հստակեցնել առցանց դիմում ներկայացնելու ընթացակարգը՝ բացառելով այդ դեպքում առցանց դիմումով վճարող կազմակերպությունը փոխելու և ազգային օպերատորին ընտրելու հնարավորությունը։
Նախագծով առաջարկվում է հստակեցնել, որ առցանց դիմումի հիման վրա ազգային օպերատորին ընտրել հնարավոր չէ։
Միաժամանակ հստակեցվում է, որ առցանց դիմումի մերժման դեպքում նույնպես քաղաքացին պետք է ծանուցվի մերժման և մերժման հիմքերի մասին։
Նախագիծն ընդունվելու դեպքում կսահմանվի կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմումը ներկայացնելու առանձնահատկություն՝ նախատեսելով, որ առցանց եղանակով ներկայացված դիմումի հիման վրա ազգային օպերատորին ընտրել հնարավոր չէ։