Ուկրաինայում իրադարձությունների զարգացման ընդամենը մեկ ու կես սցենար կա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ արձագանքելով Կիևի և Արևմուտքի այն գնահատականներին, ըստ որոնց իրադարձությունների զարգացումը հօգուտ Ուկրաինայի է լինելու։
Այսպիսի գնահատականները Մեդվեդևը ճշմարտությունից շատ հեռու է որակել՝ հավելելով, որ դա քաջ գիտակցում են նաև նման կանխատեսումներ հնչեցնողները։
«Սցենարներն ընդամենը մեկ ու կեսն են։ Առաջինը՝ հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակների, խնդիրների իրագործումը և Կիևի կողմից այդ արդյունքներն աներկբայորեն ճանաչելը, մյուսը՝ ռազմական հեղաշրջում Ուկրաինայում, ապա դրանից հետո միայն հատուկ ռազմական գործողության արդյունքների ճանաչում»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Մեդվեդևը։
«Ահա և բոլոր տարբերակները։ Tertium non datur (երրորդը գոյություն չունի-խմբ.)»,- հավելել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալը։