Օգոստոսի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Մասնակցում էին ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության, ճանապարհային ոստիկանության, մայրաքաղաքի և մարզային վարչությունների պետերի ծառայության գծով տեղակալներ։
Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ 2022-2023 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանրապետությունում սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն անցկացվելու է «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումը, որի նպատակն է հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների ու դպրոցների շրջակայքում ապահովել պատշաճ հասարակական կարգ և անվտանգ երթևեկություն։
Հանցագործությունները, մասնավորապես՝ գողության ու գրպանահատության դեպքերը կանխելու նպատակով Կամո Ցուցուլյանը հանձնարարեց ուժեղացնել ծառայությունը տոնավաճառների և գրենական պիտույքների վաճառակետերի մոտ։ Խոսվեց նաև ուսումնական հաստատությունների շրջակայքում գծանշումների թարմացման մասին։
Հանձնարարվեց համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ մինչև սեպտեմբերի 1-ը բոլոր դպրոցների մոտ լինեն թարմացված գծանշումներ։
Խորհրդակցության ընթացքում համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկվեցին ծառայության կազմակերպման վերաբերյալ հարցեր։