Աղավնոյից ու Բերձորից 20 ընտանիք հաստատվել է Սյունիքի մարզում

Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչները մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ ունեին իրենց բնակավայրերից դուրս գալու համար, քանի որ այդ բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ պայմանավորված Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի գործարկմամբ:

Այս օրերին բնակիչները վերջին իրերն են դուրս բերել տներից, տարհանվում են մշակութային կոթողները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը, անդրադառնալով Բերձորից և Աղավնոյից տարհանված բնակչության տեղավորման հարցին, նշեց, որ այդ բնակավայրերի բնակիչների մեծամասնությունը ցանկություն է հայտնել հաստատվել Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում: «Արցախում հաստատվող ընտանիքների թիվը դեռ հստակ չէ։ Օգոստոսի վերջին պատրաստ կլինեն տարհանված ընտանիքների բնակարանների ձեռքբերման համար նախատեսվող սերտիֆիկատները: Ըստ այդմ՝ նրանք կհաստատվեն այն բնակավայրերում, որտեղ իրենք ցանկություն կունենան»,-մանրամասնեց ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակը։

Բերձորի,Աղավնոյի բնակիչներից շատերը իրենց ապաստանն են գտել Հայաստանի Սյունիքի մարզում, մյուսները տեղափոխվել են այն բնակավայրեր,որտեղ հարազատներ ունեն: Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը տեղեկացրեց, որ Բերձորից և Աղավնոյից իրենց մոտ բնակություն հաստատելու ցանկություն է հայտնել 20 ընտանիք: «Վերջին ընտանիքը երեկ արդեն տեղափոխվել է մարզ: Մինչ այժմ Սյունիքի մարզպետարանն աջակցել է բեռնափոխադրումների հարցում,օգնել ենք կացարան գտնել: Հիմնականում իրենք տեղափոխվել են Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններ: Վաղվանից մարզպետարանի աշխատակիցները շրջայց կկատարեն տներով՝ կարիքները գնահատելու և հասկանալու համար, թե ով ինչպես է տեղավորվել»,-նշեց նա՝ հավելելով, որ մարզպետարանը մշտական ուշադրության կենտրոնում է պահելու այդ ընտանիքների խնդիրները՝ փորձելով դրանց համապատասխան լուծում տալ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կոնկրետ Աղավնոյի և Բերձորի հետ կապված սոցիալական առանձին ծրագրեր չկան, սակայն Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների համար բնակարանային ապահովության պետական աջակցության հիփոթեքային ծրագիր է գործում: «Եթե իրենք համապատասխանեն սահմանված չափորոշիչներին, դիմեն ըստ ընթացակարգի, ինչպես մյուս շահառուները,կարող են ևս օգտվել ծրագրից»,-ասաց նա:

Մեր հարցմանը, թե Աղավնոյից ու Բերձորից եղել ե՞ն ընտանիքներ, որոնք դիմել են Երևանում բնակություն հաստատելու համար, Երևանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ոչ ոք այդ հարցով չի դիմել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել