Անկախության Հռչակագիրը մեր սերնդի հավաքական արժանապատվության վկայականն է. Արամ Մանուկյան

ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի կապակցությամբ Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով 1990թ. օգոստոսի 23-ին ԳԽ ամբիոնից ընթերցել է փաստաթուղթը, գրառում է կատարել, որում ասվում է.

«1990 թվականի օգոստոսի 23 ին ազատ ընտրություններով ձևավորված Գերագույն Խորհուրդը ընդունեց ՀՀ Անկախության Հռչակագիրը։

Հռչակագիրը աննախադեպ փաստաթուղթ էր և՛ իրավական,և քաղաքական առումով։Այն ազդարարեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը և, ներառելով ազգային ազատագրական շարժման,Ղարաբաղ կոմիտեի, ՀՀՇ ի գաղափարական ու ծրագրային դրույթները , ԳԽ հնգամյա գործունեության ուղեցույցը դարձավ։ Հռչակագիրն այն նախասահմանադրությունն էր,որի վրա հիմնվեցին պետականության կառուցման,ժողովրդավարական իստիտուտների կայացման և շուկայական տնտեսության անցման գործընթացները։ Գերագույն Խորհուրդը և կառավարությունը մինչև 1995 թ. Սահմանադրության ընդունումը առաջնորդվել են այս փաստաթղթով։

Հռչակագիրը ազդարարեց կոմունիստական բռնապետության,ամբողջապես մի կուսակցության վերնախավի կողմից ղեկավարվող դարաշրջանի ավարտը։ Այն ամրագրեց,որ Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածքը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները նրա ժողովրդի սեփականությունն են։

Հռչակագիրը փաստորեն «ապահարզան» էր Խորհրդային Միության հետ։Կենտրոնի հետ այն հստակեցրեց բոլոր հարաբերությունները՝ իրավական, քաղաքական, ,տնտեսական,սեփականատիրական բնագավառներում, սահմանեց բոլոր բաժանարար գծերը։

Անկախության Հռչակագիրը մեր նախորդ սերունդների ամբարված երազն է, մեր սերնդի հավաքական արժանապատվության վկայականը, մեզ հաջորդող սերունդների ինքնիշխան ու անվտանգ ապրելու երաշխիքը։ Սիրենք ու պահպանենք այն։

Շնորհավոր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել